Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Կինոգործիչների միության առաջիկա համագումարի եւ նախագահի ընտրության մասին` ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանը կարծիք հայտնեց, որ միությունը հետընթաց է ապրում, եւ ինչպես կինոն, այնպես էլ կինոմիությունը կարիք ունի փրկության:
«Նրանց խոհանոցի հետ առնչություն չունեմ, եւ չեմ կարծում, թե առանձնահատուկ կարիք կա: Ես ուղղակի դիտարկում եմ հարցը` իրենց եւ հանրության , իրենց եւ կինեմատոգրաֆիստներիս փոխհարաբերություններով, դիտարկում եւ տեսնում եմ, որ անհուսալի է վիճակը: Կինոմիությունը պետք է փրկել ու դարձնել պրոֆեսիոնալ գիլդիա…
Իմ տպավորությամբ, այս պահին անցած ճանապարհի, վաստակի առումով թեկնածուներից միայն Հարություն Խաչատրյանը կարող է սա իրագործել, լավ թիմ ձեւավորել, պետության առաջ կինոյի շահերը ներկայացնել եւ պաշտպանել, ինչպես որ դա հաջողված կերպով արել է «Ոսկե ծիրանը» ձեւավորելու համար, ինչպես որ իր հանրային դիրքորոշմամբ կարողացել է բարեփոխական առումով պետության հետ դիալոգի գնալ: «Ոսկե ծիրանը» 15 տարիների ընթացքում հսկայական հաջողությունների է հասել, չնայած բոլոր ճգնաժամերին եւ մարտահրավերներին՝ փառատոնը ոտքի վրա է մնացել, ավելին՝ բարգավաճել է եւ միջազգային ասպարեզում բարձր համարում ունի: Սա չափորոշիչ է, հետեւաբար ես իմ ընկերների համքարությանը կոչ կանեի, որ իր թեկնածությունը պաշտպանեին: Համենայնդեպս, ավելի վատ չի լինի, իսկ ավելի լավ լինելու նախանշաններ տեսնում եմ»,-համոզված է Դավիթ Մաթեւոսյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Դավիթ Մաթեւոսյանի հետ հարցազրույցի մանրամասները` տպագիր «Առավոտի» սեպտեմբերի 29-ին համարում: