Շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր Լեւոն Արոնյանն այսօր Տ. Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպեց լրատվամիջոցների հետ:
«Ես հավակնորդների մրցաշարին մասնակցելու ուրիշ հնարավորություն չէի ունենա, քանի որ մեկ կամ երկու տարի կորցնում ես ու որպես շախմատիստի հնարավորություններդ քչանում են՝ որքան էլ մրցաշարերում հաղթող դառնաս: Շատ դժվար էր ու լարված: Եվ հպարտ եմ, որ կարողացա լարվածությանը դիմանալ եւ հաղթել: Հաջողության գրավականը երեւի այն է, որ անցած տարվա անհաջողությունից հետո սկսեցի հասկանալ, թե ովքեր են քո կողքին, ովքեր են հավատում քեզ ու քո հաջողություններին: Այս տարվա սկզբին Արիանան ինձ ոգեւորեց: Ու ես լսեցի նրան», – ասաց հայկական շախմատի առաջատարը:
Հարցին, թե մասնագետներն իրեն համեմատում են աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ, Արոնյանը պատասխանեց. «Ինձ համար հպարտություն է, որ իմ խաղը մոտեցնում են մեծ շախմատիստին: Միշտ փորձել եմ անցնել այն ճանապարհները, ինչ Տիգրան Պետրոսյանը, բայց չի ստացվում, նա հանճարեղ շախմատիստ է»:
Այդ խոսքերի ժամանակ դահլիճ մտավ Արիանա Կաոլին, որին հրավիրեցին տեղ զբաղեցնելու ապագա ամուսնու կողքին: Լեւոն Արոնյանը նկատեց. «Երբ թագուհին գալիս է, արքան իրեն կորցնում է, բայց նաեւ պաշտպանված է զգում»:
Aravot.am-ը Արիանայից հետաքրքրվեց, թե ի՞նչ է զգում աշխարհի գավաթակրի կողքին լինելով: «Շատ հպարտ եմ Լեւոնի հաջողությունով: Շատ հուզված էի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ խաղի ժամանակ: Սիրտս, ասես, կանգ էր առնում: Հատկապես հպարտ եմ, որովհետեւ մարդիկ չգիտեն այն բոլոր ջանքերի մասին, որ գործադրում են Լեւոնն ու ինքը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ