Հոկտեմբերի 1-ին նշվելու է Գյումրու տոնը, որին մասնակցելու է նաև նախագահ Սերժ Սարգսյանը։ Գյումրու կենտրոնական այն հատվածներով, որտեղով պիտի անցնի նախագահն, ակտիվ փողոցաշինություն է։
Ինչպես տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի լրատվության բաժնից, տոնին ընդառաջ որոշակի փողոցներ են փակվելու․մասնավորապես Գյումրու կենտրոնական Վարդանանց հրապարակ տրանսպորտային միջոցների մուտք ու ելքն արգելվելու է։ Իսկ քաղաքի տոնին որոշ տրանսպորտային միջոցներ փոխելու են իրենց ուղղությունը։
«Քաղաքի օրվան ընդառաջ Գյումրու Վարդանանց հրապարակում տեղադրվելիք բեմի աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 07:00-ից մինչև հոկտեմբերի 1-ը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է լինելու Վարդանանց հրապարակի՝ Սպանդարյան- Ս.Համբարձումյան փողոցների միջանկյալ հատվածը: Հոկտեմբերի 1-ին՝ սկսած ժամը 7:00-ից մինչև ժամը 24:00-ն , բոլոր տրանսպորտային միջոցների մուտքը Վարդանանց հրապարակ արգելվելու է:
Հոկտեմբերի 1-ին թիվ 14, 22, 28 համար միկրոավտոբուսային երթուղիները Շիրակացի փողոց դուրս կգան Վարդանանց հրապարակի փոխարեն Տերյան, Օզանյան փողոցներից: Տվյալ օրը Վարդանանց հրապարակի կանգառը ժամանակավորապես կտեղափոխվի Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի դիմացի կանգառ: Հոկտեմբերի 1-ին քաղաքային տրանսպորտն արտակարգ ռեժիմով է աշխատելու մինչ ուշ գիշեր»,- նշված է քաղաքապետարանի լրատվության բաժնի կողմից Aravot.am-ին ուղարկած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ամենայն հավանականությամբ չի մասնակցի Գյումրու տոնակատարությանը, թեև այդ օրը պաշտոնապես բացվելու է կառավարության ղեկավարի՝ Գյումրու «Կումայրի» արգելոցը տուրիզմի կենտրոնի վերածելու շրջանակներում վերանորոգվող Ռուսթավելի փողոցի մի հատվածը։
Նախնական տեղեկություններով, նախագահը Գյումրի կգա Բավրայի մաքսակետի բացման արարողությանը մասնակցելուց հետո։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ