Լրահոս
Օրվա լրահոսը

«Դու դաշնակից չես, դու հպատակ ես, քո պահվածքով է դա, ոչ թե նրանց ճնշումով». Ավետիք Իշխանյան

Սեպտեմբեր 28,2017 15:48

«Այս հայեցակարգի ընդունումը հաճոյանալու հպատակի քաղաքականություն է: Ես այստեղ բացարձակապես չեմ մեղադրում Ռուսաստանին, որովհետեւ ցանկացած կայսրություն, այդ թվում ՌԴ-ն ցանկանում է իր լեզուն տարածել: Այլ խնդիր է, թե ինչպես ես դու դրան դիմադրում կամ ինչ քաղաքականություն ես վարում»,- այսօր «Հոդված 3» ակումբում խոսելով ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին՝ այսպիսի տեսակետ հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Նա ասաց, որ սա քաղաքական հարց է, բայց Հայաստանում ինչ լինում է, իշխանություններն ասում են՝ մի քաղաքականացրեք. «Ինձ համար անպատկերացնելի է, որ որեւէ նորմալ քաղաքակիրթ պետության մեջ կարող են դնել քննարկման՝ արդյոք կո՞ղմ եք բարձր դասարաններում տարբեր առարկաներ ռուսերենով անցնելուն, թե՞ դեմ եք»:

Ավետիք Իշխանյանը համոզված է. «Մեր մեջի հպատակն է խոսում: Այն, որ ես տեսա, թե ինչպես ընդունեցին ՌԴ-ի կրթության նախարարուհուն Մանկավարժականում, ես չգիտեմ ինչ ասեմ, Մանկավարժական ինստիտուտում նրան ընդունելը…ես ռուսերենով պատասխանեմ՝ трудно ползать c высоко поднятой головой, սա վերաբերում է Մանկավարժական ինստիտուտի տնօրինությանը: Սա ինչ է նշանակում, դրանից հետո էլ սկսում են խոսել, որ ռուսները, մեր դաշնակիցները լինելով՝ զենք են վաճառում: Դու դաշնակից չես, դու հպատակ ես եւ քո հետ կվարվեն այնպես, ինչպես ուզում են, քո պահվածքով է դա, ոչ թե նրանց ճնշումով: Այս հիվանդությունը նոր չի, հին է: Տերյանի «Հոգեւոր Հայաստանը» որ կարդում ես, նույն խնդիրն է եղել»:

Ավետիք Իշխանյանը գտնում է, որ հիմա մենք էլի հետ ենք գնում այն ժամանակները, երբ Սովետական միությունում համատարած ռուսացում էր գնում. «Մենք կամովի գնում ենք այդ ճանապարհով»:

Թե ինչ կլինի այս հայեցակարգն ընդունելով՝ Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ես չեմ ասում, որ բոլորը կդառնան ռուսախոս, բայց կլինեն այսպես կոչված ռուսական դպրոցներ, էլիտան՝ վերնախավը կգնա այդ դպրոցներ, կսկսեն խոսել ռուսերեն, իսկ հայերենը կլինի ժարգոնային կենցաղային մակարդակով խոսակցությունների լեզու, ինչպես ժամանակին է եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930