«Իմ տունը Հերմինե Նաղդալյանի մոտ է գտնվում, նրա որդու անունով է»,-ասաց «Նորաշեն» կոոպերատիվի տերերից տուժած Հայկ Համբարձումյանը, որը կառավարության շենքի առաջ մյուս տուժած բնակիչների հետ բողոքի ցույց էին անում: Նրանք եկել էին վարչապետին ներկայացնելու, թե դատարաններում գտնվող գործը, ինչպես են դատավորները, բնակիչների խոսքերով ասած` «վաշխառուների» օգտին վարում:
Ճիշտ է, Հայկ Համբարձումյանը եւ նրա պես շատերն այժմ բնակվում են կոոպերատիվի կիսակառույց շենքում, սակայն այդ բնակարանները, որոնց համար բնակիչները գումարներ են վճարել կոոպերատիվի տերերին, գրավադրված են տարբեր անհատների մոտ: Շենքը վերելակ չունի, մի շարք աշխատանքներ էլ կատարված չեն: Բայց բնակիչների խնդիրն ավելի շուտ, ոչ թե այդ պայմաններն են, այլ այն, որ իրենց գրավադրված բնակարանները չեն կարողանում հետ վերցնել:
Մանրամասները` տեսանյութում
Նորաշենի բնակիչներից Հովհաննես Հովհաննիսյանի բնակարանի սեփականության վկայականն էլ դատավորի ձեռքում է` չնայած, որ բնակիչը պնդում է, որ պարտք մնացած երեք միլիոնն էլ է վճարել եւ այժմ պարտք ու պահանջ չունի որեւէ մեկի հետ:
«Հինգ հոգով գտնվում ենք մի վաշխառուի` Օհանյանի մոտ, երեք միլիոնը դատավորի պահանջով բերեցինք մուծեցինք վաշխառուին, նա ստացական տվեց եւ մեր սեփականաշնորհման վկայականները հանձնեց դատավորին: Այդ դատավորն իր գործը վերջացրեց անցավ ուրիշ տեղ, այդ վկայականներն անցան մյուս դատավորին, նրա մոտից էլ` մյուս դատավորին: Հինգ տարի է պահում են, ինչի՞ համար»:
Արուսյակ Վանյանը, որի բնակարանում նույնիսկ ապրել չի լինում, որը նույնպես գրավադրված է, ասաց, որ դատավոր Սմբատյանը ասել է, որ իր վրա վերեւից ճնշում են գործել, այդ պատճառով էլ սնանկության մասին որոշում է կայացրել. «Այդ սնանկության որոշումով, յուրաքանչյուր րոպե սնանկության կառավարիչը կարող է գալ եւ ոստիկանությունով հանել` դուրս շպրտել այնտեղ ապրող բնակիչներին»:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ