ՀՀ վարչապետի հանձնարարականի կատարման գործընթացի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարությունում հրավիրվել է աշխատանքային քննարկում, որը վարել է նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը: Քննարկվել է «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տարածքում առկա քիմիական որոշ նյութեր նոսրացնելու և կոյուղու միջոցով հեռացնելու հնարավորությունները:
Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, տարածքային կառավարման և զարգացման նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, գիտական և մասնագիտական հաստատությունների մասնագետներ:
Դիտարկվել է գործարանի արտադրության շղթայում օգտագործված և դրա արդյունքում ստացված քիմիական նյութերի անվտանգ հեռացման հարցը: Դրանց գերակշիռ մեծամասնությունը կվաճառվեն այլ ընկերությունների կամ շրջակա միջավայրի համար անվնաս կայրվեն համապատասխան վառարաններում:
Նոսրացման և կոյուղու միջոցով հեռացման ենթակա է 8 քիմիական նյութ: Վերջիններիս մի մասը նույնպես պահանջարկ ունի շուկայում: Մնացած քիմիական նյութերի մասով ծավալված քննարկման արդյունքում առաջարկվել է ընկերությունում առկա աղաջրերից մի մասից աղ ստանալ և առաջարկել համայնքներին` ձմեռվա ամիսներին ճանապարհների սառցակալման դեմ օգտագործելու համար: Մասնագետները բարդ են գնահատել օրգանական միացություններ ունեցող երեք տեսակի աղաջրերի հեռացման հարցը: Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանն առաջարկել է վերոհիշյալ աղաջրերի նմուշները ներկայացնել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության ֆակուլտետի քիմիական տեխնոլոգիաների ամբիոն` սեղմ ժամկետներում դրանց բաղադրությունը ճշտելու, բնապահպանական առումով անվտանգ նոսրացման և դրա համար անհրաժեշտ ջրաքանակի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու համար:
Աշխատանքային հանդիպման մասնակիցները որոշել են նոսրացման եղանակով հեռացման հարցի հաջորդ քննարկումը կազմակերպել լաբորատոր արդյունքների և լուծումների հստակ առաջարկների առկայության ժամանակ:
ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն