Սեպտեմբերի 28-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանին:
Ողջունելով հյուրին՝ նախարարը բարձր գնահատեց արվեստագետի գործունեությունը, որը միտված է Սփյուռքում հայապահպանությանը, հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը:
Դանիել Վարուժան Հեջինյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, կարևորեց նախարարի և նախարարության դերը Սփյուռքի համախմբման գործում: «Դուք զբաղվում եք ոչ միայն հայապահպանությամբ, նաև միավորում եք Սփյուռքը», – հավելեց նա:
Անդրադառնալով «Հայաստան-Սփյուռք» համահայկական 6-րդ համաժողովին, հայազգի նկարիչը նշեց, որ այն կարևոր էր այլ երկրների արվեստագետների հետ մշակութային նոր կապեր հաստատելու, մասնագիտական ցանցեր ստեղծելու, ինչպես նաև՝ հայրենասիրական ոգին բարձր պահելու առումով:
Քննարկվեցին հետագա համագործակցության, նախարարության ծրագրերին մասնակցության հետ կապված հարցեր:
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ