Լոռու մարզի Դսեղ գյուղում ՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի բակում, այսուհետեւ փայտե քանդակներ կլինեն:
Թումանյանական հերոսների կերպարները մարմնավորող քանդակներն առաջինն են գրավում տեղացի եւ օտարերկրացի այցելուների ուշադրությունը:
Հեղինակները երիտասարդ քանդակագործներն են: Նրանք ստեղծագործել են հատված ծառերի բնի վրա՝ երկրորդ կյանք տալով դրանց:
Հիշեցնենք՝ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը պարզաբանել է, որ տուն-թանգարանի բակում գտնվող ծառերը սնամեջ էին եւ վտանգավոր, այդ պատճառով են հատվել:
«Փորձել ենք այնպիսի հեքիաթ ընտրել, որի կերպարներին հնարավոր կլիներ մեկ քանդակով ներկայացնել: Հաճելի է, երբ մարդիկ ամեն օր գալիս-լուսանկարվում են քանդակների հետ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Գեղարվեստի պետական ակադեմիայի շրջանավարտ, քանդակագործ Նարեկ Մկրտչյանը:
Փայտե քանդակների մրցույթը հայտարարել էր Մշակույթի նախարարությունը: Մասնակիցներն այս ընթացքում մեկ ամիս բնակվել ու ստեղծագործել են Դսեղում: Գյուղի կենտրոնական հրապարակում էլ կրկին թումանյանական հերոսների քանդակներն են՝ քարից:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ