Լրահոս
Օրվա լրահոսը

Ե՞րբ կհայտնաբերվեն եւ կպատժվեն ապօրինի հարստացած պաշտոնյաները (Տեսանյութ)

Սեպտեմբեր 28,2017 14:56

Այսօր հրավիրած մամուլի ասուլիսում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց իր ղեկավարած գերատեսչության մեկտարյա գործունեության արդյունքները: Ըստ այդմ, նա առաջնային է համարում քայլերը կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում: Առանձնացրեց յոթը` հակակոռուպցիոն հանձնաժողովի ստեղծում, կանխիկ գործառույթների հայտարարագրում, ազդարարների ինստիտուտի ներդրում եւ այլն:

Մանրամասները`տեսանյութում

«Մենք որոշում ենք կայացրել, որ կարեւորագույն ուղղություններից մեկը պետք է լինի կոռուպցիայի վերացումը հատկապես այն ոլորտներում, որտեղ պետությունը ծառայություն է մատուցում հանրությանը: Առաջինը՝ պետք էր փորձել խստացնել վերահսկողությունը, երկրորդ՝ օգտագործել ժամանակակից տեխնիկական միջոցներ», – ասաց Դավիթ Հարությունյանը։ Արդարադատության նախարարությունը գնացել է երկրորդ ճանապարհով՝ ստեղծելով էլեկտրոնային ծառայությունների մեծ դաշտ։

Իբրեւ օրինակ, նա մանրամասն անդրադարձավ էլեկտրոնային նոտարի համակարգին։ «Ներկայումս նոտարը ունի կապ՝ բազմաթիվ այլ հանրային ռեգիստրների հետ եւ կարողանում է ծառայություն մատուցել մեկ սկզբունքով։ Այսինքն, մեր հիմնական սկզբունքն է նվազեցնել շփումը ծառայություն մատուցողի և ծառայություն ստացողի միջեւ»:

Մանրամասն ներկայացնելով օրենսդրական քայլերը` նախարարը նշեց, որ դրանք անմիջապես չեն կարող արդյունքներ տալ, բայց իբրեւ ինստիտուցիոնալ հիմք, չեն կարող անարդյունք մնալ:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`Հայաստանում ե՞րբ կհայտնաբերվեն ապօրինի հարստացած պաշտոնյաներ եւ կպատժվեն: «Օր եւ ժամ չեմ կարող նշել, բայց 2018-ի ապրիլից հետո այդ օրենքը ուժի մեջ է մտնելու եւ սկսելու է գործել»: Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, ըստ նախարարի, կլինեն կասեցումներ, բայց բացահայտումների մասին, կրկնեց`չի կարող հստակ ժամկետներ ասել: Բայց, օրինակ բերեց. եթե 2-3 տարի հետո, կիմանանք որեւէ պաշտոնյայի մասին, որ նա տվել է փոխառություն իր հորեղբոր տղային եւ ստացել է այդ փոխառությունը, ապա դա կհամարվի ապօրինի եւ կառաջացնի նաեւ երկրորդ պատասխանատվությունը՝ այդ գումարը չի կարող օրինական համարվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930