Օֆշորային հայտնի սկանդալային գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը դատարանի գործողությունները համարում է գործի օբյեկտիվ քննության խոչընդոտ:
Նա այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց, որ նախագահող դատավորը կողմնակալ վերաբերմունք ունի գործով ու իրենց կարեւոր միջնորդությունները մշտապես մերժում է. «Մեր ներկայացրած միջնորդությունները ապացույց ճանաչելու վերաբերյալ մերժվեց, չնայած փաստաթղթեր էին ներկայացրել Աշոտ Սուքիասյանի կատարած ներդրումների մասին: Դատարանը մերժեց նաեւ Սուքիասյանի օգտին ցուցմունք տվող գործով վկա, արդեն իսկ նախաքննական փուլում հարցաքննված Վահան Հարությունյանին դատարան կանչել ու հարցաքննելու մեր միջնորդությունը, նաեւ գրավոր այլ ապացույցներ, որոնք վկայում էին՝ հենց Աֆրիկայից GMS գլոբալի տնօրենի կողմից Փայլակ Հայրապետյանին տրված գրությունը, որտեղ նշվում էր նրա կատարած ներդրումների մասին: Այս բոլոր միջնորդությունները դատարանը մերժեց անհիմն պատճառաբանություններով: Արդեն կարելի է հանգել հետեւության, թե այդ գործի քննությունն ինչ ավարտ կունենա, իմ կարծիքով՝ մեղադրական ավարտ կունենա»:
Նրա խոսքով, այս գործի նախաքննական փուլում, երբ Փայլակ Հայրապետյանն արծարծեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ու Նավասարդ արքեպիսկոպոս Նավասարդյանի անունները, դա արեց աղմուկ հանելու ու գործը քաղաքականացնելու համար, որովհետեւ, ըստ էության, քրեական գործի մասին խոսք լինել չէր կարող: Ըստ փաստաբանի, արդեն դատաքննական փուլում մի շարք ապացույցներով հերքվեց պաշտոնատար նշված անձանց ներգրավվածությունը. «Փայլակ Հայրապետյանը փորձեց քաղաքականացնել ու դիվիդենդներ շահել, որ մարդիկ մտածեն՝ ինչ-որ բան է տեղի ունեցել: Արաբկիրի դատարանը վճիռ կայացրեց՝ զրպարտանք ճանաչելով նախկին վարչապետ Սարգսյանի վերաբերյալ պնդումները, թե յոթ միլիոն դոլար է փոխանցվել եւ այլն: Եթե բան է ասում, պետք է ապացուցի, նման փաստեր չկան, հերյուրանքներ են»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ