Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնսերվատորիան Արամ Ասատրյանի անունով է, «Լուսնի սոնատն» էլ գրել է Արմենչիկը. Կարեն Քոչարյանն ապշել է դպրոցում անգրագիտությունից

Սեպտեմբեր 28,2017 14:29

Այսօր «Հոդված 3» ակումբում ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգի մասին քննարկման ժամանակ քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ուշագրավ դրվագներ ներկայացրեց «Ամենախելացին» հաղորդման նկարահանումների ընտրական փուլից, որը ցույց է տալիս մեր երեխաների կրթական մակարդակը: Նա ասաց. «Վերջին 3-4 տարիներին ես շփվում եմ հանրապետության գրեթե բոլոր դպրոցների հետ «Ամենախելացին» հաղորդման շրջանակներում, ժողովո՛ւրդ, սարսափելի է վիճակը: Մենք տալիս ենք հարց՝ կոնսերվատորիան ում անունով է, պատասխանում են՝ Արամ Ասատրյանի, հարցնում ենք՝ ո՞վ է գրել «Լուսնի սոնատը», պատասխանում են՝ Արմենչիկը, այնպիսի պատասխաններ ենք լսել, որ ես սարսափում եմ ընդհանրապես հանրակրթությունից»:

Ընդ որում, Կարեն Քոչարյանն ընդգծեց, որ համեմատաբար խելացի երեխաների դեպքում են այս պատասխանները լսում: Նրա խոսքով՝ «Կա՛մ ահավոր անգրագիտություն է, կա՛մ ֆանտաստիկ խելոք երեխեք են, դա ավելի շատ ընտանիքից է գալիս: Արմավիրի մարզից մենք ընտրել ենք միայն Էջմիածնի համար 4 դպրոցից երեխաներ, դա գալիս է դպրոցից, դա երեւում է: Խելացի երեխաները, որոնք ինֆորմացիոն հոսքերից ելնելով՝ ամեն ինչ վերցնում են, կարդացած են, գրագետ են, ում հարցնում ես՝ ինչ ես ուզում անել, 99 տոկոսը ասում են՝ ուզում ենք գնալ դուրս սովորելու, նրանց 90 տոկոսը կարող ենք ասել, որ հետ չեն գալու: 15-20 տարի հետո մեր սերուցքը լինելու է այն սերունդը, որոնք ասելու են, որ կոնսերվատորիան Արամ Ասատրյանի անունով է: Խնդիրը շատ ավելի խորն է, քան միայն ռուսերեն լեզուն»:

Կարեն Քոչարյանի խոսքերով՝ այսօր ՀՀ-ում փաստացի ինժեներական եւ բնագիտական առարկաներից երեխաները չեն շարունակում, բացի IT ոլորտից, որից երեխաները գիտեն, որ գործ կունենան, մնացած որեւէ այլ ճյուղ չի զարգանում, մեռել է Հայաստանում փաստացի:

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ մաթեմատիկայի հարցում պատկերը ողբալի է. «Այսօր հանրակրթությունը սկսում են աշխարհում դարձնել մաթեմատիկահեն, բայց այսօր մեր դպրոցներում այս ուղղությամբ շատ տխուր վիճակ է: Կրթության համակարգից է գալիս, մենք տեսնում ենք, թե ինչ սկզբունքով են այսօր նշանակում տնօրեններ, այդ տնօրենները ինչ սկզբունքով են ուսուցիչ ընտրում: Մենք լուրջ պրոբլեմ ունենք համակարգային: Եվ իրոք, այսօր միայն օտար լեզուներով դպրոցների բացումը չի, այսօր հանրակրթությունը տանում են էլիտարիզացման»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Հոդված 3» ակումբ – ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930