Սեպտեմբերի 28-ը Հղիության արհեստական, ապահով ընդհատման և հասանելիության միջազգային օրն է, որն առաջադրվել է Լատինական Ամերիկայի երկրների մի շարք կանանց խմբերի կողմից, որոնք պահանջում էին ապաքրեականացնել հղիության արհեստական ընդհատումը:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը փորձագետները խոսեցին հայաստանյան իրավիճակի մասին: «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք ծրագրի համակարգող Անուշ Պողոսյանը փաստեց՝ այն տարիներին, երբ վերարտադրողական առողջության մասին օրենքը ՀՀ-ում հասանելի չի եղել կանանց համար, դրանով ծնելիության ցուցանիշների աճ չի եղել, այլ հիմնականում գրանցվել է վերարտադրողական առողջության բարդացումների և կանանց մահվան դեպքերի աճ:
Անուշ Պողոսյանի տեղեկացմամբ՝ հղիության արհեստական ընդհատումը կանանց համար դեռ հասանելի չէ աֆրիկյան, ասիական մի շարք երկրներում. «Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ այն երկրներում, որտեղ օրենքը շարունակում է անհասանելի մնալ, տարեկան 22 միլիոն անապահով, տնային պայմաններում հղիություններ են գրանցվում: Այն կանայք, որոնք իրավունք չունեն դիմելու հղիության օրինական, ապահով, ընդհատումների, դիմում են այդ քայլին տնային պայմաններում, որոնցից 7 միլիոնն առաջ է բերում վերարտադրողական առողջության խնդիրների և տարեկան 47 հազար կանանց մահվան»:
Թեև Հայաստանում գոյություն ունի Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենք, այնուամենայնիվ, կան մի շարք խնդիրներ: Անուշ Պողոսյանը շեշտեց ըստ օրենքի՝ կնոջը հղիության արհեստական ընդհատման դիմելուց առաջ տրվող եռօրյա ժամկետը, որի պատճառով մի շարք դժվարություններ են առաջանում: Նա պատմեց, որ Գեղարքունիքում իրենց կատարած հետազոտության ընթացքում մի կին անկեղծացել է՝ քանի որ իրենց գյուղում չկար հասանելիություն, հարևան քաղաք է գնացել, սակայն այնտեղից ասել են՝ երեք օր հետո կարող ենք իրականացնել: Հետո ձյուն է եկել, ճանապարհները փակվել են, ու կինը չի կարողացել երեք օրից վերադառնել: Իսկ երբ հնարավորություն է ունեցել, 12 շաբաթական հղիության ժամկետն անցած է եղել, և բուժհիմնարկում հրաժարվել են հղիության արհեստական ընդհատում իրականացնել: Կինը ստիպված դիմել է տնային պայմաններում հղիության ընդհատման:
Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին օրենքի փոփոխությունների արդյունավետության մասին «Իրավունքի զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Վիոլետա Զոփունյանն ասաց. «Օրենքը նախատեսում է դրույթ համաձայն որի՝ թույլատրվում է ապահով հղիության ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության պարագայում կնոջ գրավոր դիմումի հիման վրա և 12-22 շաբաթական հղիության պարագայում բացառապես բժշկական և սոցիալական ցուցումների հիման վրա, որտեղ պետք է լինի կնոջ գրավոր համաձայնությունը: Մտահոգիչ է այն, որ հաճախ խորհրդատվության անվան տակ լինում են նաև ոչ անաչառ խորհրդատվություններ»:
«Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ Զարուհի Բաթոյանը մտահոգություն հայտնեց, որ հաշմանդամություն ունեցող կանանց դեպքում խնդիրները կրկնապատկվում են. «Բոլոր ոլորտներում ունենք խնդիրներ. ծառայությունների հասանելիությունը կրկնակի խնդիր է դառնում, քանի որ բոլոր ոլորտներում ունենք լուրջ խնդիրներ՝ սկսած կրթական ծրագրերից մինչև ծառայությունների մատչելիություն, բժշկական անձնակազմի վերաբերմունք և պետության պարտավորությունների իրականացում: Բուժհաստատությունները հիմնականում մատչելի չեն. հատուկ կաբինետների, սարքավորումների խնդիր կա, որ այդպես էլ մեր հիվանդանոցները չեն համալրվում: Թեև նոր հիվանդանոցներ են բացվում, բայց, միևնույն է, դրանք հարմարեցված չեն լինում հաշմանդամություն ունեցող կանանց համար»:
Լուրջ խնդիրներ է բացահայտել նաև «Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում. դիտարկումներ և խնդիրներ» հետազոտությունը: Օրինակ՝ այն, որ մարզի շատ գյուղերում բուժծառայությունները, դեղատները բացակայում են, որտեղ էլ դեղատներ կան, չկան հակաբեղմնավորիչներ: Կանայք տեղեկացված չեն, թե ՀՀ-ում ինչ հակաբեղմնավորիչ մեթոդներ կան, ինչ ազդեցություն կարող են դրանք թողնել կանանց առողջության վրա: Հղիության արհեստական ընդհատումը շատ հաճախ կայանք դիտարկում են որպես հակաբեղմնավորման մեթոդ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի