«Խաչիկյանի ազատ արձակման մասին լուրը լսել եմ այստեղ ձեզանից, մանրամասներին չեմ տիրապետում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:
Ներում ստանալը նա համարում է մարդու իրավունք եւ նկատում`եթե «ներում շնորհվել է, շնորհվել է հաշվի առնելով մի շարք բաներ»:
Հիշեցնենք, այսօր «Վանաձոր» ՔԿՀ-ից ազատ է արձակվել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը:
Լրագրողները նախարարին հարցրեցին`Վազգեն Խաչիկյանի ազատ արձակվելը արդյոք արդարադատության դեմ ուղղված որոշում չէր։ Լրագրողների այս հարցին նախարարը պատասխանեց. «Ներում շնորհում է հանրապետության նախագահը, դա սահմանադրական նորմ է։ Ես ներում շնորհելու հարցերով չեմ զբաղվում»։
Նա տեղեկացրեց նաեւ, որ ներում շնորհելու ընթացակարգը նոր Սահմանադրությամբ փոխվում է: Ապրիլ ամսից արդեն նախագահը ներում շնորհելու է համապատասխան միջնորդությամբ դիմող մարմինների դիմումի հիման վրա։
Այլ մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանը եւ գործով անցնող մի շարք պաշտոնյաներ մեղավոր էին ճանաչվել 1999 թվականից մինչև 2010 թվականն ընկած ժամանակահատվածում, սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակիցներ լինելով, չարաշահելով իրենց պաշտոնը, պետական բյուջեից յուրացումներ կատարելու համար: Արդյունքում` պետությանը հասցվել էր 267 մլն 583 հազար 336 ՀՀ դրամի վնաս:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ