2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 18-ի գործով դատական նիստի մեկնարկին այսօր նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն անմիջապես հրապարակեց դատական ակտի որոշում՝ գործից մաս անջատելու մասին:
Դրա համաձայն՝ այս քրեական գործից, որով անցնում են 18 ամբաստանյալներ, անջատվում է 11-ի մասը: Այդ ամբաստանյալներն են՝ Արամ Պավլիկի Մանուկյան, Թաթուլ Թամրազյան, Տիգրան Մանուկյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան, Հովհաննես Հարությունյան, Արայիկ Հակոբյան, Մարտիրոս Հակոբյան, Արամ Հակոբյան, Վարդան Գերավետյան: Սա նշանակում է, որ նշյալ անձանց մասով գործն այլեւս չի իրականացնելու Արտուշ Գաբրիելյանը: Իսկ թե որ դատավորը կլինի նախագահող, դեռեւս պարզ չէ:
Մյուս յոթ ամբաստանյալների՝ Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Վարդգես Գեւորգյանի եւ Մանվել Աթոյանի գործը շարունակելու է քննել դատավոր Արտուշ Գաբրիելյանը: Բոլոր 18 ամբաստանյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի որոշումը մնաց անփոփոխ: Նիստը հետաձգվեց, իսկ առաջիկա նիստի մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հիշեցնենք՝ մամուլում լուրեր կային, թե Արտուշ Գաբրիելյանն այլեւս ի վիճակի չէ քննել այս գործը, ուստի այն մեկ այլ դատավորի է փոխանցելու: Հատկանշական է, որ նա ոչ թե ինքնաբացարկ հայտնեց, այլ որոշեց գործից մաս անջատել:
Փաստաբանների կարծիքները՝ շուտով:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ