Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո՛, մենք զինվորականներ ենք, ու մեր տղեն Արցախում է ծառայում: Սպայի որդին ավելի պարտավորված պիտի ծառայի»

Սեպտեմբեր 28,2017 10:54

Ամառային զորակոչից անցել է արդեն երկու ամիս: Նորակոչիկները վաղուց երդում են տվել`դարձել են ազգի պաշտպաններ: Ծառայությունը հիմա նրանց ապրելակերպն է: Իսկ զինծառայողների ընտանիքներում կարոտով և սպասումով անցնող ամեն մի օրը տարի է թվում:

Հիշում եմ Էջմիածնից ամառային զորակոչի առաջին զինվորներից Սարգիսին, կամ ինչպես ընկերներն ու ընտանիքի անդամներն են ասում` Սաքին: Նա ինձ ավելի էր տպավորել, քան մյուսները: Սարգիսը տարբերվում էր իր տեսակով, խելքով, համեստությամբ, լրջությամբ ու քաղաքավարությամբ: Նրանց տանը դրական ու ջերմ մթնոլորտ կար, որ ինձ իսկապես հարազատ դարձավ: Սարգիսը զինվորականների ընտանիքում է մեծացել:

Զորակոչից երկու ամիս անց ես նորից նրանց տանն եմ: Տիկին Ելենան՝ Սարգիսի մայրը, խանդավառությամբ և մեծ ուրախությամբ է ինձ դիմավորում: Սարգիս Գաբրիելյանը այժմ ծառայում է Արցախում: Ընդամենը երկու ամիս է, ինչ տանը չէ: Բայց նրա բացակայությունը զգում են բոլորը՝ ընկերները,հարազատներն ու մտերիմները: Իսկ բոլորից առավել՝ Սարգիսի մայրը:

Տուն մտնելու առաջին ակնթարթներից նույնիսկ ես զգացի, որ բացակայում է Սարգիսի՝ անկեղծ ու պարզ ժպիտով համեմված խելոք հայացքը: Տիկին Ելենան լավ զրուցակից է: Ինքն էլ է զինվոր: Կյանքը նվիրել է բանակին, հայ զինվորին:

-Բուժքույրի մասնագիտությունը ավելի շատ բանակին էր պետք: Զորամասում է իմ տեղը՝ զինվորներիս կողքին,- ասում է տիկին Ելենան:

Ապրում է զինվորի հոգսով`զինվորի ցավն իրենը համարելով: Բուժում է, առաջին օգնություն ցույց տալիս: Իսկ այսօր առավել քան երբևէ: Իր զինվոր որդու փոխարեն կրկնակի հոգատար է իր զինվորների նկատմամբ: Նա լավ գիտի՝ ինչ է ծառայությունը, բանակն ու զինվորին վերաբերող ամեն ինչ:

Ուժեղ կին է: Զինվորական է կյանքում, աշխատանքում, իսկ այժմ նաև տանը: Բառերով նկարագրել, թե ինչքան շատ է սիրում որդուն՝ անհնարին է: Նրա սերը անծայրածիր է ,անսահման ու անչափելի…

-Սարգիսը տան փոքրն է, մեր տան մինուճարը, մեր ապավենն ու օջախի սյունը, ազգը շարունակողը: Նրան դաստիարակել եմ հայեցի: Սովորեցրել եմ սիրել կյանքը, սիրել ազատությունը, ինքդ քո գլխի տերը լինելու պատասխանատվությունը: Ազատություն եմ տվել: Նրա նկատմամբ փորձել եմ լինել ավելի հանդուրժող ու համբերատար: Շրջապատված լինելով սիրով ու հոգատարությամբ` Սարգիսը երբեք չափը չի անցել: Տան կրտսերն ու ամենասիրվածը լինելը պարտավորեցրել է նրան լինել լավ աշակերտ, լավ ուսանող, լավ ընկեր, լավ քաղաքացի, իսկ այսօր արդեն` լավ զինվոր:

Երկու ամիս է՝ տղես զինվոր է: Մեր տան ամեն անկյունը նրան է հիշեցնում: Սկզբում անտանելի դժվար էր: Երբ զինվորի համազգեստը հագին, խրոխտ ու հպարտ երդում էր տալիս՝ հասկացա, որ ճիշտ եմ դաստիարակել: Մտահոգությունս միայն նրա լռակյաց ու շատ լուրջ վիճակն է: Իսկապես անհանգստանում եմ: Չգիտեմ լավ է, թե վատ, որ նա այդքան հասուն է, այդքան կշռադատված: Հիշում եմ, որ պիտի զորակոչվեր միշտ ասում էր՝ զորամասում պիտի չիմանան, որ ինքը զինվորականների երեխա է: Ծիծաղում էինք, բայց հոգուս խորքում հպարտանում, որ տղես տղամարդու նման է մտածում,- ասում է տիկին Ելենան:

Սովորաբար բոլոր զինվորների մայրերը նույն երազանքն ու ցանկությունն ունեն: Խաղաղ ծառայությունից հետո տեսնեն իրենց որդիների անփորձանք վերադարձը: Սարգիսի մայրը նույն կերպ է մտածում: Բոլոր մայրերի պես ծանր է տանում որդու բացակայությունը: Բայց ինչպես զինվորականին է հարիր՝ ոչ մի ավելորդ խոսք կամ բողոք չես լսի նրա շուրթերից: Իսկ ահա աչքերը այնքան բան են ասում, այնքան շատ, որ լռելուց ավելի խոսուն են:

Հիշում եմ, երբ ճանապարհում էինք Սարգիսին, շուրջբոլորս շատ մայրեր կային, որոնք լացում, հուզվում էին: Իսկ տիկին Ելենան կանգնած էր մի կողմում: Լուռ էր: Շատերին կթվար, թե այս կինը սիրտ չունի: Բայց, ավաղ, մոր սիրտը կտոր-կտոր էր լինում, արցունքները կարոտից արդեն խեղդում էին: Բայց զինվորական մայրը գիտակցում էր, որ իր որդին գնում է հայրենիք պաշտպանելու…

-Կարոտն անտանելի զգացում է, իսկ զինվորի պարագայում՝ պատիժ: Այն հոգատարությունը, որ ես եմ ցույց տվել զինվորներին այս տարիների ընթացում՝ թող իմ որդուն բաժին հասնի թեկուզ դրա կեսից էլ քիչ: Հավատացեք ես գոհ կլինեմ: Բանակում ծառայելը ինձ ու ամուսնուս համար պատիվ է եղել, կա և կլինի: Ցանկությունս մեկն է, որ որդիս էլ գիտակցի հրամանատարի ասածը, զինակից ընկերոջ խոսքն ու անփորձանք վերադառնա տուն:

Մոռանալով ժամանակի մասին՝ տիկին Ելենան որդու արդեն զինվորական նկարը ձեռքն առնելով՝ շարունակում է կարոտած պատմել.

-Հետո պարզվեց, որ Սարգիսը ուզում էր Արցախում ծառայել: Մինչ զորակոչը չէր էլ ակնարկում: Այդպիսին է՝ շատ բան չես կարող իմանալ նրանից: Տղես չխոսող, գաղտնապահ ու լուռ է, իսկ հիմա՝ առավել ևս: Հորն է քաշել,- ծիծաղում է,- Կաշկանդվել, տրտնջալ չունի: «Մամ ջա՛ն, ամեն ինչ լավ ա, տղեդ լավ ա: Երկու տարի է՝ կծառայեմ, հետ կգամ: Չմտածես,բան չմնաց…»: Սարգիսի խոսքը սա է, ուրիշ ոչ մի բառ:

…Ճիշտ է մտածում ենք, գիշերները նույնիսկ չենք քնում: Մայր ենք, բայց ի՞նչ կարող ենք անել: Եթե բոլորս մտածենք, որ մեր երեխան չպիտի ծառայի, իսկ մեր երկիրն ու հողն ո՞վ պիտի գա պաշտպանի: Շատերը մտածում էին՝ զինվորականի տղա է: Չենք թողնի, որ գնա Ղարաբաղում ծառայի: Մեր որդին գնաց: Գնաց, ինչպես մյուսների տղաները: Այո՛, մենք զինվորականներ ենք, ու մեր տղեն Արցախում է ծառայում: Սպայի որդին ավելի պարտավորված պիտի ծառայի: Ես էլ մի ցանկություն ունեմ, ինչպես բոլոր հայ մայրերը՝ բարի ու անփորձանք ծառայություն մեր զինվորներին…

Հայկ ՄԱԳՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930