Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արարատ Զուրաբյան. «ԵԱՏՄ-ն ինքն է դուրս գալու Հայաստանից, դա իմ խորին համոզմունքն է». «Հրապարակ»

Սեպտեմբեր 28,2017 10:24

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը երեկ մոտ երեքժամյա թեժ քննարկումներից հետո մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասով։ Դրան կողմ քվեարկեց հանձնաժողովի անդամներից միայն Արտակ Զեյնալյանը։ Դեմ քվեարկեց 10 պատգամավոր, որոնց թվում՝ «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչներ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը եւ անգամ ազատական գաղափարախոսություն դավանող ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը:

Արարատ Զուրաբյանն էլ քննարկումից հետո մոտավորապես հայտարարեց, որ այս նախաձեռնության շահառուն իրականում ոչ թե «Ելքն» ու ՀՀ քաղաքացիներն են, այլ մի երրորդ կողմ, որն ամեն ինչ անում է նոյեմբերի 24-ին ԵՄ-ի հետ նախատեսվող ասոցացման համաձայնագրի ստորագրումը տապալելու համար։

– Պարոն Զուրաբյան, քննարկման ընթացքում Ձեր  քվեարկությունից տպավորություն ստեղծվեց, որ Դուք կողմ եք ԵԱՏՄ-ին, հիմա Դուք «Ծառուկյան դաշինքի՞» դիրքորոշումն էիք ներկայացնում։

– Նման բան չկա, քվեարկությունը եղել է ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։ Ես գտնում եմ, որ որեւէ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու կարիք չկա։ Եթե հարցը պետք է քննարկել, ապա, այո, պատրաստ եմ մասնակցել քննարկումներին։ Ես բազմիցս եմ այս հարցի մասին տեսակետ արտահայտել, ավելին կարող եմ ասել՝ ինձ զարմացնում է այն, որ ինչ-որ փուլում ինչ-որ մարդիկ սկսում են խոսել մի թեմայից, որի մասին մի փուլում բոլորովին այլ տեսակետ են ունեցել։ Ես գտնում եմ, որ սա լրջագույն հարց է, եւ կարծում եմ, որ եւ ԵԱՏՄ մտնելն էր սխալ, ի սկզբանե սխալ է արվել, այս մասին ես ասացի նաեւ իմ ելույթում։ Բայց քանի որ մեր պետությունն արել է քայլը, իսկ հիմա այս ձեւով գործընթացը փորձել տանել, այն էլ՝ նոյեմբերի 24-ից առաջ, երբ սպասվում է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի կնքումը, գտնում եմ, որ ճիշտ չէ։ Դրա համար էլ առաջարկեցի «Ելք»-ի գործընկերներին այս նույն քննարկումներն անցկացնել առանձին պառլամենտական գործընկերների հետ, ներկայացնել իրենց բոլոր արգումենտները, լսել այլոց արգումենտները եւ այս հարցին, կարծում եմ՝ անդրադառնալ շատ ավելի լուրջ։

Ես չգիտեմ, թե ով ինչ խնդիր էր լուծում՝ այս հարցը բերելով պառլամենտ, ինչքանով էր դա ճիշտ, ինչքանով՝ սխալ, իմ գնահատմամբ՝ դա սխալ էր, գոնե նման հարց կարող էր բերվել նոյեմբեր ամսից հետո։ Շեշտում եմ՝ պրոցեսին դեմ կամ կողմ լինելու մասին չէ խոսքը, խոսքը տրամաբանված գործընթացի մասին է։ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելը տեխնոլոգիական քայլ է առ այն, որ եթե ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով, նշանակում է, որ գործընթացը սկիզբ է առել։ Ես քաղաքականությամբ զբաղվում եմ շատ երկար տարիներ, եւ եթե կլինեն մարդիկ, որոնք գործընթացի հիմքում ընկած քայլը չեն հասկանա, ապա իմ համար այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Ես չեմ ուզում խաղերի մասնակցել, ունեմ իմ մոտեցումները, որոնք պաշտպանել եմ, պաշտպանում եմ, պաշտպանելու եմ։

– Այդուհանդերձ, կո՞ղմ եք այդ միությունից դուրս գալուն, թե՞ ոչ։

– Ինչ վերաբերում է, որ այսօր Հայաստանը պետք է դուրս գա ԵԱՏՄ-ից, թե ոչ, ապա կասեմ, որ ԵԱՏՄ-ն ինքն է դուրս գալու Հայաստանից, դա իմ խորին համոզմունքն է։ Այնպես, ինչպես Սովետական Միությունը դուրս եկավ։ Որեւէ մեկը 87 թվականի դեկտեմբերին չէր կարող կասկածել, թե 88-ի փետրվարին ինչ կկատարվեր Հայաստանում, եւ հետագայում ինչ զարգացումներ կհաջորդեին։ Ես համոզված եմ, որ քաղաքակրթական զարգացումներն իրականանում են իրենց ճիշտ ընթացքով՝ անկախ նրանից, թե այդ զարգացումներին ինչքան կխոչընդոտի իշխանությունը։ Օրինակի համար ասեմ, որ ես այսօր քիչ երիտասարդների գիտեմ, որոնք ռուսերեն լեզու են պարապում, այլ՝ հակառակը։ Մի խոսքով՝ շատ բնականոն ընթացք է մեր երկրում, այդ ընթացքն ավելի արագացնել ցանկալի կլիներ, սակայն իշխանություններն այսօր չէ, որ ստեղծել են միջավայր, որ այդ պրոցեսն արագացնել հնարավոր չէ։ Ցավում եմ դրա համար, բայց սա մեր իրողությունն է, իսկ քաղաքական գործիչը պետք է հանդես գա քաղաքական իրողություններից ելնելով:

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930