Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տալու Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը

Սեպտեմբեր 28,2017 12:00

Սկիզբը՝ այստեղ

Որքանո՞վ այն կարող է «հաջող» լինել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում Նալբանդյան-Մամեդյարով հանդիպում անցկացնելու անհրաժեշտության մասին տեւական ժամանակ խոսվում էր, ենթադրվում էր, որ այդ հանդիպումը Սարգսյան-Ալիեւ հանդիպման կազմակերպմանն է ուղղված լինելու:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Ամերիկայի ձայն»-ին հաստատել էր, որ Նյու Յորքում պատրաստվում է ադրբեջանցի իր պաշտոնակցին հանդիպել, եւ նշել էր, որ օրակարգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման կազմակերպման հարցն է, նաեւ՝ համանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության ժամանակացույցը։ Իսկ գալով Հայաստան-Սփյուռք համաժողովում տարածքների վերադարձի վերաբերյալ իր հայտարարությանը՝ Նալբանդյանն արձագանքել էր. «Որոշ մեջբերումներ եւ մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից։ Ես խոսել եմ համանախագահ երկրների ղեկավարների՝ Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայտարարությունների մեջ պարունակվող հայտնի երեք սկզբունքների եւ վեց տարրերի մասին, որոնք, ըստ հենց եռանախագահների, մշակվել ու ներկայացվել են կողմերին որպես մեկ ամբողջություն, եւ փորձերը՝ տարանջատել մեկ սկզբունքը մյուսներից կամ մեկ դրույթը մյուսներից, անհնարին կդարձնեն կարգավորումը։ Դա է հենց արվում Ադրբեջանի կողմից տարիներ շարունակ։ Ինչպես երկու օր առաջ ՄԱԿ-ի ամբիոնից ելույթ ունենալով ընդգծեց հանրապետության նախագահը՝ կարեւորն Արցախի կարգավիճակի հարցն է։ Եթե կարգավիճակի հարցը լուծում ստանա, ապա մնացած հարցերը կլուծվեն արդար եւ տրամաբանական ձեւով, որովհետեւ մնացած բոլոր հարցերն ածանցյալ են։ Կցանկանայի կրկնել նաեւ այն, ինչի մասին մենք ասել ենք բազմիցս. այդ բոլոր հարցերի լուծումը հնարավոր է միայն Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ»:

Սեպտեմբերի 22-ին Էդվարդ Նալբանդյանը նախ հանդիպեց Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության՝ հանդիպմանը նախարարները քննարկել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգային հարցերի: Նալբանդյանն ու Լավրովը արծարծել էին առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի փոխայցելությունների ժամանակացույցը:Այնուհետեւ սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները առանձին հանդիպումներ էին ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Սեպտեմբերի 23-ին կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որին ներկա են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին, Էնդրյու Շոֆերը, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։ «Հանդիպմանը քննարկվեցին առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման հետ կապված հարցեր»,- ասվում էր ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ, նաեւ նշվում, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն հոկտեմբեր ամսին։

Նույն օրը համատեղ հայտարարություն տարածեցին նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որում ընդգծեցին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունների գլխավոր նպատակն էր ԼՂ հակամարտության գոտում ընթացիկ իրավիճակի քննարկումը, բանակցային գործընթացի ակտիվացման ուղիների ուսումնասիրումը եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստումը։ «Համանախագահներն ակնկալում են, որ գագաթնաժողովը կնպաստի կողմերի միջեւ վստահության եւ քաղաքական կամքի խորացմանը՝ գտնելու հակամարտության կարգավորման մնացած առանցքային փոխզիջումային լուծումներ։ Նախարարները պատրաստակամություն են հայտնել աշխատել համանախագահների հետ մոտ ապագայում հաջող գագաթնաժողով կազմակերպելու ուղղությամբ»,- ասվում էր համանախագահների հայտարարության մեջ։

Ապրիլյան պատերազմից հետո թերեւս առաջին անգամ համանախագահներն իրենց հայտարարության մեջ չեն նշել ապրիլյան պատերազմից հետո անցյալ տարի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունները կատարելու պահանջը: Իհարկե, նրանք նշում են, թե Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կնպաստի կողմերի միջեւ վստահության ձեւավորմանը, բայց արդյոք համատեղ հայտարարության մեջ հստակ նշելուց հրաժարումը չի՞ խոսում որոշակի հետքայլի մասին՝ մանավանդ ՄԱԿ-ի ամբիոնից հայկական կողմին ուղղված Իլհամ Ալիեւի նոր սպառնալիքների ֆոնին:

Ավելին, միջնորդները խոսում են առանցքային փոխզիջումային լուծումներ գտնելու մասին, եւ ուշագրավ է, որ նրանք հարկ են համարել նշել, որ «նախարարները պատրաստակամություն են հայտնել աշխատել համանախագահների հետ մոտ ապագայում հաջող գագաթնաժողով կազմակերպելու ուղղությամբ»:Հազիվ թե համանախագահների կողմից Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին չհիշատակելը վրիպում կամ պատահականություն լիներ: Մնում է հասկանալ, թե այդ բացթողումն ապագայում ինչպես է անդրադառնալու հաջորդ հանդիպման կազմակերպման վրա:

Ըստ ամենայնի, մինչեւ տարեվերջ Սարգսյան-Ալիեւ հանդիպում կկազմակերպվի: Այլ հարց է, թե որքանով այն «հաջող» կլինի: Ամիսներ շարունակ հայկական կողմը դրել է նախապայմաններ, թե որ դեպքում կարող է բանակցությունների սեղանի շուրջ նստել Ալիեւի հետ: Այդ նախապայմանները չեն կատարվել Ադրբեջանի կողմից: Պաշտոնական Բաքուն ամիսներ շարունակ արհամարհել է միջնորդների պահանջների իրականացումը, իսկ այսօր շարունակում է սպառնալ հայկական կողմին: Հետեւաբար ի՞նչ է տալու Սարգսյան-Ալիեւ հաջորդ հանդիպումը, եւ ընդհանրապես՝ որքանո՞վ այն կարող է «հաջող» լինել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Սկիզբը՝ այստեղ

«Առավոտ» օրաթերթ, 27.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930