Լրահոս
Օրվա լրահոսը

Տեխնոկրատների այս կառավարությունում կա դպրոց, որտեղ չկա ջուր, զուգարան ու ջեռուցում

Սեպտեմբեր 28,2017 14:00

Հայաստանի Հանրապետության տեխնոկրատների կառավարության օրոք եւ թվայնացման այս դարում Երեւանից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Պտղունք գյուղի դպրոցում չկա զուգարան, ջուր ու ջեռուցում: Արմավիրի մարզի Պտղունք համայնքի Տիգրան Մեծի անվան դպրոցը դեռ վաղուց պաշտոնապես հայտարարվել է՝ 4-րդ կարգի վթարային է, քանդման ենթակա, բայց 10 տարուց ավելի է՝ երեխաների կյանքն ու առողջությունը վտանգելով՝ դպրոցում դասեր են ընթանում: Այս դպրոցում հիմա 116 աշակերտ է սովորում, ու դասարան չկա, որի առաստաղը կարկատան արված չլինի, փլվում է հալոցքներից:

Շուտով անձրեւները կսկսվեն, ձմեռը, կարելի է ասել, քթի տակ է: Ուսուցիչներն «Առավոտի» հետ զրույցում պատմում են՝ դրսում անձրեւը կտրվում է, բայց դասարաններում դեռ մի ժամ «անձրեւ է» գալիս, առաստաղից կաթում ու կաթում է: Երեխաները խոնավ ու ցուրտ դասարաններում են դաս սովորում: Ձմռանը նավթի վառարանով են ջեռուցում դասասենյակները, բայց վառարանը չի էլ տաքացնում, բոլոր անկյուններից սառը քամի է փչում: 11-րդ դասարանի աշակերտները պատմում են. «Ձմռանը վառարանի ջերմությունը թաքուն բարձրացնում ենք, որ մի քիչ տաքանա սենյակը, բայց տենց էլ նավթը շուտ վերջանում ա, ավելին չկա, սահմանափակ քանակով են են տալիս»:

Այս դպրոցում պատուհանները հիմա էլ ցելոֆանապատ են, որոշ դասարանների պատուհանները կոտրված ապակիներով են, ու մի շերտ էլ ցելոֆանով կպատեն հենց ցրտերն ընկնեն, բայց էլի օգուտ չկա, փայտի մաշված հատակի մեծ անցքերից էլ սառը քամի է փչում: Ձմռանը աշակերտները դասերին վերարկուներով, գլխարկներով ու ձեռնոցներով են նստում՝ մտքներին էլ՝ «Երբ է դասը վերջանալու, որ շուտ տուն գնան՝ տաքանան»:

Նավթի վառարանը ոչ միայն չի տաքացնում, նաեւ, ինչպես ուսուցիչներից մեկն է ասում, ալերգիա է առաջացնում երեխաների մոտ. «Հոտին ու ծխին չեն դիմանում, հազում են ծխից: Եթե քամի է լինում, վառարանի ծուխն ամբողջությամբ դասարան է լցվում: Մի անգամ էնքան ծուխ լցվեց, որ խեղդվում էինք, դուրս եկանք դրսում դասը շարունակեցինք»:

Շախմատը երեխաները սովորում են դպրոցի գրադարանի սենյակում. սեղան, աթոռ են դրել, հարմարեցրել որպես դասասենյակ,  ճիշտ է, ձմռանն էլի շատ ցուրտ է այս սենյակում, անձրեւի ժամանակ փոքրիկներն իրենց զգում են դրսում, բայց ճարներն ինչ՝ ստիպված պիտի մինչեւ դասերի ավարտը մնան այս փլուզվող պատերի ներսում:Դպրոցի միջանցքի ու սենյակների՝ իրար կողքի շարած փայտերով  հատակի վրայով քայլելն էլ «էքստրիմ է», ընդհանրապես այս դպրոցում մի քանի րոպե անցկացնելն էլ «էքստրիմ» է, ուղղակի երեխաները դա չեն հասկանում: Զուգարան գնալն էլ պակաս «էքստրիմ» չէ. զուգարանը դրսում է, հին, այսպես ասած՝ գյուղի փոսով զուգարան է, թեեւ այս 21-րդ դարում գյուղերի քիչ տներում դրսում փոսով զուգարան կգտնեք: Բայց Պտղունքի փոքրիկները, ինչպես իրենք են պատմում՝ զզվելով ու սրտխառնոցով ստիպված են օգտվել այդ անմարդկային պայմաններով զուգարանից:

Առնետներն էլ անպակաս են, հաճախ հենց դասի ժամանակ լցվում են դասասենյակ. երեխաներն ու ուսուցիչներն են պատմում: Ինչ-որ դեղ են լցրել, բայց տնօրենն ասում է՝ դրան էլ վարժվեցին առնետները, մոտ չեն գալիս դեղին, դպրոցն էլ չեն լքում, երեխաները վախեցած են առնետներից, բայց պարտավոր են դասի գալ:  Այս դպրոցում անգամ ջուր չկա, երեխաները դրսի ցայտաղբյուրից են ջուր խմում, բայց ձմռանն էլ ցայտաղբյուրի փոքր շիթը սառույց է դառնում: Ուսուցիչներն ասում են՝ նման պայմաններում երեխաների առաջադիմությունն էլ է տուժում:

Կրթության ոլորտի բոլոր տարիների պատասխանատուները 10 տարուց ավելի է՝ հետեւողական խոստանում են կամ նորոգել, կամ դպրոցի նոր շենք կառուցել: Խոստումները մնում են օդում կախված կամ սեւով սպիտակի վրա գրված. ոլորտի պատասխանատուները հետեւողականորեն շարունակում են ոտնահարել երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը, որը նախատեսում է՝ պետական մարմինները պարտավոր են անհրաժեշտ պայմաններ ստեղծել երեխաների կրթության համար:Դպրոցի անձնակազմի մեծ մասը՝ տնօրենից, փոխտնօրենից սկսած, մինչեւ ուսուցիչներ,Հանրապետական կուսակցության անդամներ են:

Փոխտնօրեն Վարդիթեր Մաթեւոսյանն «Առավոտին» ասում է. «Բոլոր ընտրությունները մեր դպրոցում են լինում, նախագահի ընտրություններից առաջ էլ եկել էին, տեսել պայմանները, խոստացան մի բան անել, բայց…»:

Ու շարունակում են ուսուցիչներն ու տնօրեն-փոխտնօրենը «դավանել» ՀՀԿ-ին, չնայած որ դպրոցը 10 տարի է՝ օրը օրի քայքայվում է, փլուզման եզրին է, ու դպրոցի ճակատագիրն էլ իշխող ՀՀԿ-ի կամքից է կախված: «Միայն ՀՀԿ-ն է մտահոգ մեր դպրոցով, իրանցից բացի՝ ուրիշ ոչ մեկը չի եկել մեր դպրոց»,- ասում է փոխտնօրենը:Ուսուցիչներն ասում են՝ ովքեր հնարավորություն ունեն, մեքենա ունեն, իրենց երեխաներին Մուսա Լեռ գյուղի դպրոց են տանում, իսկ եթե մեքենա չկա, վտանգավոր է երեխային երկար ամայի ճանապարհով այդ գյուղի դպրոց ուղարկել:

Արմավիրի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանն «Առավոտի» հետ զրույցում վստահեցնում է՝ մի քանի անգամ նախագծային ու նախահաշվարկային փաստաթղթեր են պատրաստվել, էլ նախարարություն, էլ Հայաստանի զարգացման հիմնադրամ են դիմել, բայց միշտ մերժում են ստացել: Վերջերս փլուզվել են դպրոցի շենքի կաթսայատունն ու պահակատունը, սրանց ապամոնտաժման ու մաքրման աշխատանքների համար կառավարությունը մոտ 3 միլիոն դրամ է տրամադրել: Մեր հարցին՝ արդյոք նպատակահարմար չէ՞ր լինի այդ գումարը տանիքի նորոգմանն ուղղել, երեխաները կաթոցների տակ են դաս անում, տիկին Դանիելյանն ասում է. «Չարժե դրա համար գումար ծախսել, դա կլինի գումարների փոշիացում:  Շենքի վրա բարձրանալը վտանգավոր է, կարող ա փլվել»:

Իսկ շախմատի ուսուցիչը մեզ հետ զրույցում ասում է. «Թող մուրճ ու մեխ, շինանյութը տան, ես տանիքը կնորոգեմ»:

Դպրոցի տնօրեն Սիլվա Մկրտումյանը մեր ներկայությամբ զանգահարեց մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանին, վերջինս տնօրենին վստահեցրեց. «2018 թվականի սեպտեմբերին Պտղունքի երեխաները դպրոցի նոր շենք կհաճախեն»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ   

«Առավոտ» օրաթերթ  

  27.09.2017

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930