Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդապետը հակադարձում է եկեղեցաշինության ընդդիմախոսներին

Սեպտեմբեր 28,2017 13:00

Տարիներ առաջ, երբ ծրագրվում էր «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում վերականգնել 5-7 դարերում կառուցված և խորհրդային տարիներին քանդված Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին, հասարակության մի հատված` «մշակութային արժեքների պահպանման ջատագովներ», ընդվզեցին այս աստվածահաճո ձեռնարկի դեմ: Այսօր ամառային կինոթատրոնը և նրա հարակից տարածքը շարունակում են մնալ անմխիթար և բարձիթողի վիճակում, որը, սակայն, չգիտես ինչու, չի անհանգստացնում այդ նույն «մշակութային արժեքների պահպանման ջատագովներին». ոչինչ, որ ամառային կինոթատրոնը չի նորոգվում, չի պահպանվում, առավել ևս՝ նպատակային չի գործածվում, կարևորը` այդ վայրում եկեղեցին չվերականգնվի:

Եկեղեցաշինության առաջընթացն այսօր դարձել է որոշ մարդկանց անհանգստության պատճառ, թեև թվում է, թե հակառակը պետք է լիներ: Նախկին բարձրաստիճան պաշտոնյայի սուբյեկտիվ վերլուծությունը կրկին պատճառ է դարձել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հասարակության որոշ շրջանակների կողմից հնչեցվող անհիմն մեղադրանքների:

Գաղտնիք չէ, որ եկեղեցաշինությունը Հայաստանում հատկապես նշանակալի առաջընթաց և զարգացում է ապրում վերջին տասը տարիներին: Համենայնդեպս, այդ մասին է վկայում նաև «64 միլիոնի շինարարություն` 10 տարում. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու վիճակագրությունը» խորագիրը կրող մի ուսումնասիրություն, որը վերջերս հրապարակվել է https://b4b.am կայքում: Զերծ մնալով ճշգրտումից, թե որքանով է այս թիվն արտացոլում եկեղեցաշինության ոլորտում ներդրված գումարների իրական պատկերը, անդրադառնանք այն հիմնական մեղադրանքներին, որոնք ներկայացվում են Եկեղեցուն:

Եկեղեցաշինության ընդդիմախոսների հիմնական պնդումն է, որ նոր եկեղեցու կառուցման գումարն ավելի լավ է ներդնել տնտեսության մեջ` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը կամ այն ուղղել խոնարհված հին վանքերի վերականգնմանը:

Սկզբից ևեթ նշենք, որ եկեղեցաշինության հարցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ռազմավարությունը հետևյալն է` նոր եկեղեցիներ կառուցել այն բնակավայրերում, որտեղ կարիք կա, բայց փաստացի աղոթատներ չկան, և վերականգնել, վերանորոգել պատմական վանքերն ու եկեղեցիները և խոնարհված սրբատեղիները: Բնականաբար, հավասարապես երկուսն էլ կարևոր են, բայց երկուսից որի՞ն կտրվի առաջնայնությունը, կախված է տվյալ շրջանի հավատացյալների հոգևոր կարիքները բավարարելու մտահոգությունից, հաճախ էլ` նվիրատուի ցանկությունից: Ուստի այս նույն մտահոգությունից ելնելով` նոր եկեղեցիներ կառուցվեցին Սևանում, Արտաշատում, Մասիսում, Եղվարդում և այլուր, վերանորոգվեցին Հաղարծնի վանական համալիրը, Տաթևի վանքը, Գոշավանքը և այլ սրբավայրեր:

Գաղտնիք չէ, որ Հայ Եկեղեցին ֆինանսապես ինքնաբավ կառույց չէ, որքան էլ հանիրավի Եկեղեցուն մեղադրում են «բիզնեսով» զբաղվելու մեջ, սակայն անժխտելի փաստ է, որ առանց բարերարների նվիրատվության, Եկեղեցին պարզապես անկարող է ապահովել իր բնականոն գործունեությունը: Եկեղեցիների կառուցումը և վերանորոգումը կատարվում են բարերարների նվիրատվությամբ: Եկեղեցուն արված յուրաքանչյուր նվիրատվություն ունի նաև իր նպատակաուղղվածությունը, և եկեղեցու բարձրագույն իշխանությունը չէ, որ որոշում է այն: Հետևաբար հնարավոր չէ նվիրատուի փոխարեն որոշում կայացնել, առավել ևս` ուղղորդել նրան իր գումարը ներդնելու տնտեսության մեջ (չնայած նրանցից շատերը նաև սա են անում) կամ վերականգնելու խոնարհված այս կամ այն սրբավայրը:

Նվիրատվությունը կատարվում է հավատացյալի սրտի ցանկությամբ, հավատքի ապրումով և, ամենակարևորն, այն վստահությամբ, որը շահել է Եկեղեցին իր գործունեությամբ: Եթե չլիներ այդ վստահությունը Եկեղեցու և եկեղեցական բարձրագույն իշխանության հանդեպ, ապա դժվար թե որևէ բարերար անգամ մեկ լումա նվիրաբերեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն: Քանի որ ամեն բարերար հստակ գիտե, թե իր նվիրաբերությունը որտեղ և ինչպես է ծախսվել:

Ովքե՞ր են այսօր եկեղեցաշինության համար գումար նվիրաբերող անձերը, հիմնականում նրանք, ովքեր հաջողել են բիզնեսում, որով յուրաքանչյուրն իր չափով արդեն իսկ ներդրում է կատարել տնտեսության մեջ: Եվ այժմ, երբ նրանց մոտ ցանկություն է առաջացել ներդրում կատարելու նաև «հոգևոր տնտեսության» մեջ, կարծում ենք` տարօրինակ է այդ մարդուն հորդորել վերստին միջոցներ ներդնել տնտեսության մեջ. մի բան, որը նա արդեն իսկ արել է, և վստահաբար շատ լավ է պատկերացնում իր անելիքները: Ուստի Եկեղեցին չպետք է միջամտի նրանց որոշումների կայացմանը, այլ ընդհակառակը` հավատարմորեն և պարտաճանաչությամբ իրականացնի իր առաքելությունը, որին էլ համապատասխան կձևավորվի բարերարի համոզումը: Չէ՞ որ կան նաև մեծահարուստներ, ովքեր ո՛չ եկեղեցաշինության, և ո՛չ էլ տնտեսության մեջ են ներդնում իրենց գումարները, այլ ընդհակառակը՝ անգամ վատնում են խաղատներում և զվարճանքի այլ վայրերում:

Յուրաքանչյուր ոլորտ ունի իր պատասխանատուն, որի գործունեության արդյունքում հասարակության մեջ առաջանում է վստահություն կամ դրա պակասություն: Տվյալ պարագային, եթե եկեղեցաշինության գործում նվիրատուների պակաս չկա, նշանակում է, որ այդ ոլորտն արդարացնում է իրեն, մարդիկ վստահում են Եկեղեցուն և կարևորում եկեղեցաշինության անհրաժեշտությունը: Հակառակ դեպքում եկեղեցաշինության այս պատկերին այսօր մենք ականատես չէինք լինի:Տարօրինակն այն է, որ եթե հայաստանյան իրականության մեջ եկեղեցաշինության այս տեմպերն աննախադեպ են, ապա սփյուռքում այն վաղուց տարածված երևույթ է: Հարկ է նշել, որ եթե նախկինում միայն սփյուռքահայ բարերար հայորդիներն էին Հայաստանում եկեղեցաշինությանն ի նպաստ գումար նվիրաբերում, ապա այսօր նաև հայրենաբնակները: Անկասկած, մտածողության այս փոփոխությունը պայմանավորված է Հայաստանում Եկեղեցու գործունեությամբ: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ Եկեղեցին ոչ միայն եկեղեցաշինությամբ է զբաղվում, այլ նաև կառուցում է դպրոցներ, կրթադաստիարակչական և սոցիալական կենտրոններ և այլն:

Եկեղեցաշինության զարգացման գործում պակաս կարևոր չէ նաև սփյուռքաբնակ բարերար հայորդիների դերը, ովքեր իրենց եկեղեցաշեն իրագործումներով հաճախ վարակիչ օրինակ են ծառայում հայրենաբնակ մեծահարուստների համար: Սփյուռքում ազգային-եկեղեցական կյանքի ավանդույթը չի ընդհատվել, ինչպես Հայաստանում խորհրդային շրջանին, և սփյուռքաբնակ հայորդիներն ազգային-եկեղեցական կյանքի կազմակերպման գործում մեծ փորձառություն ունեն: Հետզհետե այդ փորձառությունը ձեռք են բերում նաև հայրենաբնակ հայորդիները: Տարիներ առաջ նույնիսկ մի հայրենաբնակ մեծահարուստ դեմ է եղել Հայաստանում` իր ծննդավայրում, սփյուռքահայ բարերարի կողմից եկեղեցի կառուցելուն` ինքն անձամբ ստանձնելով եկեղեցու կառուցման հովանավորությունը:

Վերջապես եկեղեցու կառուցումը ենթադրում է նաև ներդրում շինարարության ոլորտում, իսկ դա նշանակում է եկեղեցական ճարտարապետության զարգացում, աշխատատեղերի ապահովում, շինանյութի վաճառք և այլն: Սա ևս ի նպաստ տնտեսության է: Չմոռանանք մի կարևոր հանգամանք ևս, զբոսաշրջիկներին Հայաստանում գրավող վայրերը հիմնականում մեր հնամենի, հարուստ պատմությամբ և յուրահատուկ ճարտարապետությամբ առանձնացող վանքերն ու սրբազան կոթողներն են, որոնք դարերի ընթացքում կառուցել են մեր հայրերը: Այսօրվա կառուցված եկեղեցիները ևս, թե՛ այսօր և առավել ևս ապագայի համար դառնում են այն հիմնական վայրերը, ուր այցելում են զբոսաշրջիկները, իսկ զբոսաշրջությունը ևս, սխալված չենք լինի ասելու, որ  Հայաստանի տնտեսության զարգացման գերակա ուղղություններից մեկն է:

Հոգևոր տեսանկյունից դիտարկելով` անկասկած եկեղեցաշինությունը նպաստում է ազգի հոգևոր կյանքի զորացմանը: Առանց հոգևոր սննդի մարդը վերածվում է կենդանու: Ավետարանում գրված է, որ ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից (Մատթ. 4:4):

Կարծում ենք, որ սխալ է համեմատել եկեղեցաշինության և տնտեսության ոլորտները, դրանք բոլորովին տարբեր են, բայց և երկուսն էլ անհրաժեշտություններ են: Մեկն ապահովում է մարդու հոգևոր սնունդը, իսկ մյուսը` նյութական: Անշուշտ, նյութական սնունդը կարևոր է, սակայն մեկի հաշվին մյուսն ապահովելն առնվազն անմտություն է: Ազգի հավիտենականության գրավականը միայն նյութական բարեկեցությունը չէ, հոգևոր կյանքը ևս ամուր և առողջ հասարակություն ունենալու նախապայման է: Չմոռանանք, որ մեր պատմության մեջ արդեն իսկ ունեցել ենք այդ դառը փորձառությունը, երբ ժողովուրդն ապրում էր բարեկեցիկ կյանքով, սակայն հոգևոր սննդի բացակայության պայմաններում, այդ բարեկեցությունը մեկ օրվա մեջ հօդս ցնդեց:

Այսօր, երբ հասարակությանն անհանգստացնում է ինքնասպանությունների և հանցագործությունների թվի աճը, դա նաև հետևանք է երկրի հոգևոր կարիքների, որոնց ապահովման համար Հայ Եկեղեցին տակավին թե՛ եկեղեցականների և թե՛ եկեղեցիների պակաս ունի: Եկեղեցին, այսինքն` Աստծո տունը, երբեք շատ չի լինում, դա նույնն է, երբ ասես դպրոցները շատ են: Որքան դպրոցներն են անհրաժեշտ սերունդ կրթելու համար, այնքան էլ եկեղեցիները` հոգևոր կյանքի ապահովման և զորացման, ինչպես նաև հոգևոր միջավայր ստեղծելու համար: Ինչպիսի՞ սերունդ ենք ցանկանում դաստիարակել և ի՞նչ պայմաններում. երբ ծնողը երեխայի հետ զբոսնելիս ամեն քայլափոխի հանդիպի ժամանցային օբյեկտների և խորովածանոցների՞, թե՞ եկեղեցիների: Եզրակացությունը թողնում ենք ընթերցողներին…

90-ական թվականներին, երբ հապաղում էր Երևանի կենտրոնում կառուցվող Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու շինարարությունը, ժողովրդի մեջ տարածված էր մի խոսակցություն, ըստ որի՝ եկեղեցու կառուցման համար նախատեսված գումարները ծախսվել են բանակաշինության գործին: Թե որքանով են հիմնավոր այս խոսակցությունները, դժվար է ասել, բայց այն, որ եկեղեցաշինությանը զուգահեռ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին երբեք չի վարանել իր սուղ միջոցներից մասնահանում կատարել, ինչպես  բանակաշինության սուրբ և նվիրական գործին, այնպես էլ այլ կարևոր համազգային ծրագրերի իրականացմանը` դա փաստ է, որը հերթական անգամ հաստատվեց նաև անցած տարի ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում և հետո:

Տ. ՊԱՐԹև վարդապետ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Միաբան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի

Հ.Գ. Ի դեպ, տեղին է նշել, որ այս օրերին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր ազնիվ բարերար հայորդիների միջոցով, իրականացրեց մի նոր աստվածահաճո և ազգաշահ ձեռնարկ: Երևանում բացվեց «Վարդապետաց դպրոց» հայորդյաց տունը, որը ծառայելու է որպես վերականգնողական, սոցիալ-կրթական, մշակութային կենտրոն ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների, փախստական ու տեղահանված, պատշաճ խնամքից զուրկ և սոցիալապես անապահով խավերի մանուկների համար:

«Առավոտ» օրաթերթ  

  27.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լուսի says:

    Դարեր շարունակ եկեղեցին մեր կյանքում կատարել է կրթական և հոգևոր գործառույթ, և համաձայնվենք, որ իսկապես Աստծո տունը երբեք շատ չի լինում !!

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930