«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն` աղբահանության վճարը համայնքի ավագանու կողմից սահմանված չափով համայնքի բյուջե կամ արտաբյուջե գանձվող պարտադիր գանձույթ է։ Բայց, արդյոք, դատավարության կողմերից մեկը՝ Հայաստանի Ազգային պատկերասրահը, աղբահանության գումարը վճարե՞լ է: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել էր վարույթ: Գործը մինչ օրս դատարաններում է: Սեպտեմբերի 28-ին կավարտվի՞ այդ գործընթացը:
Երևանի քաղաքապետը` ի դեմս Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի, հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Պատասխանող էր ճանաչվել Հայաստանի Ազգային պատկերասրահը: Հայցվորի ներկայացուցիչը հայտնել էր, որ պատկերասրահը գտնվում է Երևանի Արամի 1 հասցեում: Կրթամշակութային նշանակության տարածքը կազմում է 15769,7 քմ մակերես:
Դեռեւս 2011 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 360-Ն որոշման 7-րդ կետի համաձայն` Երեւանի ավագանին հաստատել էր աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվառման, ինչպես նաև այդ վճարի գանձման կարգը, աղբահանության վճարի հաշվարկները` ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից։ Նախատեսված աղբի ծավալը կամ զանգվածը որոշելու անհնարինության դեպքում, այդ թվում տեխնիկական, աղբահանության վճարի հաշվարկը նույն որոշման համաձայն, կատարվում է հետևյալ ամսական դրույքաչափերով` առևտրի, այդ թվում շուկաների, հանրային սննդի և բնակչության սպասարկման այլ ծառայություններ իրականացնող շինությունների մասով` 1քմ՝ 70 դրամ: Իսկ արտադրական, արդյունաբերական և գրասենյակային նշանակության շինությունների մասով աղբահանության վճարը սահմանվել է 1քմ-ն 8 դրամ։
Պատկերասրահը, ըստ հայցվորի ներկայացրած հաշվարկի՝ 1.01.2012թ. -10.08.2015թ. ընկած ժամանակահատվածի համար պետք է աղբի համար վճարեր 1. 211. 430 ՀՀ դրամ: 10.08.2015 թվականի դրությամբ հաշվարկված օրական տույժը կազմել է 515. 033 ՀՀ դրամ։Համայնքապետը դատարանից խնդրել էր հօգուտ իրենց պատկերասրահից բռնագանձել 1.211.430 դրամը, տույժը, ինչպես նաև 26.750 դրամ` որպես պետական տուրքի գումար։
Պատկերասրահի ներկայացուցիչը դատարան էր ներկայացրել պատասխան, համաձայն որի՝ 2012թ. հունվարի 1-ից մինչ օրս պատկերասրահը վճարել է աղբահանության վճարը։
Ընդսմին, որպես մշակութային նշանակության շինություն, 1քմ-ը կազմել է 4 դրամ դրույքաչափ:
Պատկերասրահ-պատասխանողը հայտնել էր, որ շուրջ երեքուկես տարի հաշվարկելով և վճարելով աղբահանության վճարը, նշյալ ժամանակահատվածում երբևէ չի զգուշացվել, չի ծանուցվել դրա սխալ լինելու վերաբերյալ, առավել ևս՝ աղբահանության վճար չվճարելու վերաբերյալ. «Մեզ համար անհասկանալի է հայցվորի կողմից հայցադիմումին կից ներկայացված հաշվարկը»։
Ըստ պատկերասրահի ներկայացուցչի, եթե իրենք իսկապես չեն վճարել աղբահանության վճարը 2012թ. հունվարի 1-ից մինչև 2015թ. օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում, ապա պարզ մաթեմատիկական հաշվարկով հստակ երևում է, որ 1 քմ-ն 4 դրամով հաշվարկելու պարագայում վճարման ենթակա գումարը ամսական կազմում է 36 766 դրամ: Հետևաբար, հայցվորի կողմից նշված ժամանակահատվածի համար գումարը կկազմեր 2.712. 389 դրամ. «Այսինքն, քաղաքապետ-համայնքապետի համար անհասկանալի է, թե ինչպես է հաշվարկվել 1.211.430 ՀՀ դրամը, որն իր մեջ ներառում է նաև տույժերը»։
Առաջին ատյանի դատարանը վճռել էր Հայաստանի Ազգային պատկերասրահից հօգուտ Երևան համայնքի բյուջեի բռնագանձել 1.211.430 դրամ:
Պատկերասրահը բողոքել էր վճիռը, այն բեկանվել էր մեկ անգամ, ապա նորից հայտնվել վերաքննիչ քաղաքացիական դատարանում:
Վերաքննիչ բողոքում նշվել էր, որ Կենտրոն վարչական շրջանի կողմից 2012 թվականի ընթացքում աղբահանություն չի կազմակերպվել, հետևաբար՝ «Պատկերասրահը պարտավորություն չուներ վճարել տեղական վճար տեղական ինքնակառավարման մարմնին օրենքով սահմանված լիազորությունների իրականացմամբ պայմանավորված գործողությունների չկատարման համար»։ Պարզվել էր նաեւ, որ «Ծառայությունը մատուցվել է այլ անձի կողմից և վճարումն էլ կատարվել է վերջինիս»: Ի դեպ, դատարանն ընդունել է այս փաստը:
Բողոքաբերի նշածով, աղբահանությունը պետք է կազմակերպվեր Կենտրոն վարչական շրջանի կողմից, որը չի կատարվել:
Դատարանի գնահատմամբ, պատկերասրահը չի վճարել աղբահանության վճարը, ինչին համաձայն չէ բողոքաբերը. «Իր պարտավորությունները խախտել է ոչ թե բողոքաբերը, այլ Կենտրոն վարչական շրջանը, իսկ չկատարված պարտավորության համար մյուս կողմի համար հավելյալ պարտավորություն սահմանելն օրինական չէ»։
Ըստ բողոքաբերի, դատարանն արտատպել է հայցվորի արտահայտած «սխալ հայտարարությունը»։ Այն է՝ «Դատարանին և հայցվորին բողոքաբերը և գրավոր, և բանավոր հայտնել է, որ չի հանդիսանում Երևանի Արամի 1 հասցեում գտնվող կրթամշակութային նշանակության 15769,7 քմ մակերես ունեցող շինության սեփականատեր, այլ այն տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով»։
Նշենք, որ պատկերասրահը հանդիսանում է ոչ առևտրային կազմակերպություն:
Մինչ բեկանելը, «նախորդ» վերաքննիչ դատարանն արձանագրել էր. «Դատարանը պատշաճ ուշադրության չի արժանացրել այն փաստական հանգամանքը, որ պատասխանողը հանդիսանում է ոչ առևտրային կազմակերպություն, իսկ Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 7-րդ կետի համաձայն` աղբահանության վճարի հաշվարկը կատարվում է ելնելով շենքի կամ շինության գործառնական նշանակությունից:
Այսինքն` դատարանը պետք է հաշվի առներ, որ պատկերասրահն ունի մշակութային նշանակություն, հետևաբար վերջինիս նկատմամբ կիրառելի պետք է լինի ոչ թե Երևան քաղաքի ավագանու 23.12.2011 թվականի թիվ 360-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի դրույթները, այլ աղբահանության հաշվարկման համար սահմանված այլ սակագների մասին դրույթները»:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2017