Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Գյումրի էր այցելել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ ուսումնասիրելու Շիրակի պետական համալսարանում տիրող լարված իրավիճակի պատճառները։ Նա հանդիպել էր ռեկտորի «ապօրինությունների» մասին ՀՀ նախագահին ու վարչապետին բաց նամակ հղած դասախոսներ Հովհաննես Խորիկյանի ու Գագիկ Համբարյանի հետ, ինչպես նաև դասադուլի դուրս եկած ուսանողների։
Նախարարը երկարատև աշխատանքային քննարկումներից հետո լրագրողների հետ զրույցում փոխանցել է հետևյալը․ «Աշխատանքային մաքուր այց էր, նույնիսկ ձեզ տեղյակ չէի պահել, որովհետև ինքս խնդիրը հասկանալու հարց ունեի, այն բազմաշերտ էր։ Եվ ուսանողության հետ հանդիպեցի, և կոնկրետ բաց նամակի հեղինակների, և ռեկտորի, և պրոռեկտորների։ Քանի որ հարցադրումները շատ են և բազմաբնույթ են, կարիք ունենք այստեղ ունենալ համալիր հետազոտություն։ Ռեկտորի հետ էլ պայմանավորվեցինք, հարցադրումները երեք հարթության են՝ կրթական ծրագրերի բովանդակության, օրինակ՝ ինձ համար շատ օգտակար էր ուսանողների հետ հանդիպումը։
Ինձ համար զարմանալի էր, պարզեցի, որ ասենք պատմության ուղղության մեջ նույն կուրսը երկրորդ տարին կրկնում է նույն առարկան, և այստեղ հարց կա՝ ամբիոնն ինչպես է ձևավորում, ծանրաբեռնվածությունները ինչպես ենք անում։ Այսպես ասեմ՝ այստեղ կլինի ոչ միայն ստուգում, այլ նաև օգնություն, որովհետև բուհը տեղափոխվում է համալսարանի կարգավիճակի, հասկանանք այստեղ ինչ կարող ենք անել։ Երկրորդ բլոկը կազմակերպչական-կառավարման հարցերն են, որտեղ համալիր ստուգում կա։ Մենք գրադարան այցելեցինք, նայեցինք, երկու լրիվ տարբեր տեսակետներ կան, հասկանանք գրադարանում ինչ է եղել, ներկայումս գրադարանն աշխատում է, իր ֆոնդերը ձևավորում են։ Համալիր ստուգում կանենք՝ կառավարման համակարգը, աշխատավարձերը, ամեն ինչը վերջին 4-5 տարվա կտրվածքով։
Եվ, իհարկե, մյուս հատվածը, որը, ցավոք սրտի, մի քիչ բնորոշ է Գյումրիին, սուբյեկտիվ, անձնավորված հարաբերություններ, մեղադրանքներ են։ Ես կոչ արեցի, որ ի վերջո բոլորը գիտակցեն, որ համալսարանական են, Շիրակի համալսարանի հեղինակության խնդիր կա, և ինչ-որ ուսումնասիրում ենք, հասկանանք, ինչ որ թերություն կա, ուղղենք»,-ասաց նախարարը։
Ըստ Լևոն Մկրտչյանի, խորքային անլուծելի հարց չկա այստեղ։ Անդրադառնալով հեռակա ուսուցումն առկայի հետ ինտեգրված կազմակերպելուն ու դասախոսներին հեռակա ուսուցման համար չվճարելուն, ինչպես նաև վարչական մասի աշխատակիցներին բարձր վարձատրելուն, նախարարն ասաց․ «Այստեղ մեծ հարց կա, խմբերը երբեմն 5-6 ուսանողով են ձևավորվում, և սա ազդում է նաև կրթության որակի վրա։ Պետք է հասկանանք, թե ինչպես են պատկերացրել ինտեգրված ուսուցում ասածը, ինչպես են գալիս, անհատական առաջադրանքներ կա՞ն, չկա՞ն, մեխանիկական լուծում չկա այստեղ, տեսնենք, թե ինչպես են ընդհանրապես պատկերացնում այդ ձևաչափը։
Նաև կհամեմատենք դասախոսական դրույքներ հասկացությունը, որովհետև ես հասկացա, որ այստեղ տարիներ շարունակ՝ 4-5 տարի շարունակ միայն եղել են ժամավճարներ։ Դրույք հասկացություն, ծանրաբեռնվածություն, դասախոսի իրավունքներ, այս հարցերը նույնպես կնայենք։ Ադմինստրատիվ մասի համակարգը նայեցինք, այստեղ երկու խնդիր կա՝ խոսքը վերաբերում է ոչ թե ռեկտորի կոնկրետ անձնական դաշտին, այլ ադմինստրատիվ համակարգի աշխատավարձերին, հիմա կնայենք և կհամեմատենք դասախոսական կազմի աշխատավարձի հետ։ Այսինքն եթե համարժեք են, դեկանը մոտավորապես նույն աշխատավարձը պետք է ստանա, ինչ ասենք ռեկտորի խորհրդականը։ Եթե դասախոսական կազմի աշխատավարձերը համարժեք են, համեմատական են տեխնիկական կազմի աշխատավարձերի հետ, ուրեմն գործընթացն այդպես է, եթե կա կտրուկ մկրատ, դա կնայենք։
Մենք պայմանավորվեցինք, որ հավատան մեզ, իսկապես մտնենք վերջին չորս տարիները, հասկանանք՝ ինչ ձևաչափով է եղել, ինչ վիճակ է եղել, առաջ ինչ է եղել, հիմա ինչ է եղել, խնդիրները որոնք են, որ ժառանգված են, որոնք են, որ նոր են առաջացել, որից հետո արդեն առարկայական կխոսենք։
Ճիշտն ասած, ես բովանդակային իմաստով չէի սպասում, որ նման խնդիրներ կլինեն, այն, որ այստեղ եղել է ժամավճարով, պետք է դրույք լիներ, ընտրություն պետք է լինի, դասախոսները պետք է ընտրվեն։ Սրանք սկզբունքային հարցեր են, և հասկացա, որ ոչ թե 1 կամ 2 տարվա խնդիր է, այլ բավականին երկար ժամանակվա։ Դրա համար եմ ասում՝ համալիր ստուգում անենք, հասկանանք, որովհետև կոլեկտիվը լավն է, ուսանողներն ինձ հիացրեցին, ես կերազեի, որտեղ որ ես դասավանդում եմ էդ տիպի մտածողությամբ, նվիրվածությամբ լինեն։ Իրենք հարցեր դրեցին շատ ավելի հստակ, քան դասախոսական կազմն է դնում, նրանք միայն մեկը մյուսից են խոսում, իսկ ուսանողները դրեցին իրենց իրավունքի հարցը, մենք վճարում են, ուզում ենք որակ ստանալ»,-ասաց նախարարը։