Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական խնձորների գործով դատն այդպես էլ չի կայանում

Սեպտեմբեր 27,2017 21:50

Սեպտեմբերի 26-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում նշանակված էր ադրբեջանական խնձորների ներկրմանն առնչվող քրեական գործով դատական նիստ: Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ամբաստանյալ Հարություն Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գեւորգյանը, նաեւ պաշտպաններ Արմեն Մելքոնյանը եւ Արմեն Խաչատրյանը դատական նիստին չէին ներկայացել:

Մեղադրող Վարդգես Սարգսյանից հետ դատական նիստին ներկայացրել էր քրեական գործով որպես մեղադրող ներգրավված, ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Վաղարշակ Մկրտչյանը: Քրեական գործով նախագահող, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանն ամբաստանյալ Հարություն Խաչատրյանին ասաց, որ նա պետք է միջոցներ ձեռնարկի, որ իր պաշտպանը դատին ներկայանա, կամ նոր պաշտպան գտնի, կամ էլ դատարան ապացույցներ ներկայացնի իր անվճարունակության վերաբերյալ, որպեսզի նրան դատարանը հանրային պաշտպանի տրամադրի: Նշենք, որ սույն գործով օգոստոսի 18-ի եւ սեպտեմբերի 5-ի նիստերը եւս հետաձգվել են:

Այս գործով Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 1-ին հերթափոխի նախկին մաքսային տեսուչ Հարություն Խաչատրյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Վահե Ասլանյանին, նախկինում ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի 1-ին կարգի մասնագետ Համբարձում Դավթյանին, ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմի նախաբացթողումային հսկողության վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի Բագրատաշենի բաժանմունքի 4-րդ հերթափոխի մաքսային նախկին տեսուչ Խաչիկ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը»):

Հ. Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, մյուսների հանդեպ՝ կալանավորումը: Քրեական գործը դատարան ուղարկելուց հետո Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ 3 ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է, նրանք կալանքից ազատվել են:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930