Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Չալդրանյան. «Ստեղծագործում եմ գոյությունս արդարացնելու համար»

Սեպտեմբեր 27,2017 21:30

Սեպտեմբերի 27-ին հանդիպում էր կազմակերպվել կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանի հետ: Նախ մի ֆիլմ ցուցադրվեց, որը պատառիկներ էր Վիգեն Չալդրանյանի ֆիլմերից ու աշխատանքային պահերից: Այնուհետեւ կայացավ բուն հանդիպումը:

Վիգեն Չալդրանյանն ասում է, որ կինոյում ռեժիսորի համար ամենակարեւորը «մոտոր» եւ «ստոպ» բառերն են, իսկ իր համար կինոն սկսվում է ոչ թե «մոտորից», այլ հերոսի փնտրտուքից, նաեւ կինոն չի ավարտվում «ստոպից» հետո: «Ես անսահման սիրով եմ փայփայում դերասանին եւ այդ սիրո արդյունքում էլ փորձում եմ նրան դիմակազերծել»,- իր մասին պատմող ֆիլմում ասում է Չալդրանյանը ու հավելում, որ իր համար լավ դերասանը նման է կեղեւը հանած ծառի: Նրա ձեւակերպմամբ, երկրի հանդեպ սերը միայն բաժակաճառերով չպետք է արտահայտել. «Ես յուրովի եմ սիրում իմ երկիրը»:

Նարեկացի արվեստի միության տնօրեն Լեւոն Իվանյանը ներկաներին ասաց, որ Վիգեն Չալդրանյանը սեպտեմբերի 26-ին ընտրվել է Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահ: Լուրին հետեւեցին դահլիճից հնչող ծափերը: Լեւոն Իվանյանը նրան Նարեկացի արվեստի միության խորհրդապատկերով նուռ նվիրեց, որը կամբողջացնի Վիգեն Չալդրանյանի նռների հավաքածուն:

Կինոռեժիսորը հուզված էր, որովհետեւ դահլիճում իր գործընկերներն էին, Համազգային թատրոնի աշխատակիցները, իր դերասանական կուրսի ուսանողները:

Հարցին՝ ի վերջո, ո՞րտեղ է տեսնում իրեն՝ կինոյում, թատրոնում, մասնագիտական մանկավարժության մե՞ջ, թե հասարակական գործունեության, կինոռեժիսորը պատասխանեց. «Ամեն տեղ…Իմ կյանքը վաղուց ի վեր ինձ համար առաքելություն է…Գիտեք, որ ընտանիքս վաղուց ի վեր ապրում է օվկիանոսից անդին, ես Երեւանում մենակ եմ, բայց ոչ միայնակ…Ապրում եմ իմ ուսանողների, գործընկերների, իմ մասնագիտության, իմ քաղաքի ու սիրելի փողոցների հետ: Ես ստեղծագործում եմ, որպեսզի արդարացնեմ իմ գոյությունը»:

Խոսելով կինոակադեմիայի մասին, կինոռեժիսորն ասաց, որ նախկին նախագահ Հարություն Խաչատրյանը բավականին գործ է արել, հիմնել է ակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխությունը, եւ ինքն էլ կփորձի նոր գաղափարներ ներմուծել: «Ի միջիայլոց, երեկ մի ֆիլմ, Պարսկաստանի հետ համատեղ, արդեն ներկայացրել ենք Օսկարի»,-շեշտեց Հայաստանի ազգային կինոակադեմիայի նորընտիր նախագահը:

Վիգեն Չալդրանյանը նաեւ հավելեց, որ նախատեսել է եռապատում նկարել. իր նախորդ ֆիլմը՝ «Վարդապետի լռությունը» նվիրված էր Կոմիտասին, հաջորդ ֆիլմը Մաշտոցի մասին է նկարելու, իսկ եթե աստված բավարար առողջություն ու կյանք տա, կնկարի նաեւ Նարեկացու մասին, քանի որ որպես քրիստոնյա եւ հայ ռեժիսոր, ունի իր մշակութային սուրբ երրորդությունը` Մաշտոց, Նարեկացի եւ Կոմիտաս:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930