Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի որդին՝ Նորիկ Սիմոնյանը, շարունակում է հերքել հորեղբոր՝ Արամ Սիմոնյանի «բացահայտումները», որոնք նա շարունակում է ներկայացնել լրատվամիջոցներին:
Անդրադառնալով մամուլում նախօրեին հրապարակված իր հորեղբոր հերթական հարցազրույցին, որում նա մասնավորապես ասել էր. «Իսկ ինչի՞ կարող էր ընդունակ լինել մի որդի, որը սառնասրտորեն քննիչներին ասում է՝ այո, ես եմ հորս դիակը շպրտել ձորը, ես եմ էդ մեծ քարը դրել գլխին: Դե, մտածեք` ինչերի՞ կարող էր ընդունակ լիներ նման որդին: Մանուկի սպանությունը ինձ համար բացահայտված է այնքանով, որ եղբորս սպանել է որդին: Ինձ հիմա ավելի շատ հետաքրքրում են եղբորս սպանությունը թաքցնողների անունները, թե ովքեր են Նորիկին ու Ռուզաննային հուշել, օգնել, որ էդչափ դաժան ձեւով ազատվեն եղբորս անշնչացած դիակից», Նորիկ Սիմոնյանը Aravot.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ ինքը քննիչին նման բան չի ասել, ապա հարցադրումներ առաջ քաշեց. «Իսկ ինչու նա չի ասում, որ հենց թաղման օրը, տանից գողացել է մեր տան և մեր ամբողջ գույքի վկայականներն ու փաստաթղթերը, որոնց հետ կար նաև հորական տատիկիս պատկանող, մորս նվեր հասած ոսկե թանկարժեք թևնոց»:
Ինչ վերաբերում է հորեղբոր պնդումներին, թե ինքն է սպանել հորը, Նորիկ Սիմոնյանը բացարձակ հիմարություն որակեց. «Ես այսքան ժամանակ լռում էի, որովհետև, ի տարբերություն շատերի, ես չեմ ցանկանում, որ այս ամենը շոուի վերածվի: Նա նշում է, որ հենց ուզում է փաստեր հրապարակել, չգիտես ինչպես` կա՛մ այդ հոդվածի հեղինակն է առեղծվածորեն անհետանում, կա՛մ մեկ այլ դեպքում պարզապես լրագրողը հրաժարվում է այլեւս այս գործով գրել. բացարձակ հիմարություն»:
Անդրադառնալով հորեղբոր մեկ այլ հայտարարության, թե ինքը հոր մահից հետո բնակվում է ազգականի՝ Յուրիկ Սիմոնյանի տանը, հավերի հետ միասին՝ Նորիկ Սիմոնյանը շարունակեց. «Ընդամենը գիշերել եմ մի քանի անգամ… իսկ բնակվում եմ արդեն շատ վաղուց այն տանը, որտեղ միշտ էլ բնակվել եմ՝ մեր տանը, հավերին նվիրել եմ հարևաններին և հորեղբորս՝ Յուրիկին, քանի որ ես նրանց խնամելու ժամանակ չունեմ: Տան դռները բաց են, փորձում եմ կարգի բերել տունը: Թող ոչ ոք, ինձանից առավել, իմ հոր անունի, պատվի մասին չմտածի: Իսկ Արամը, ում հայրս տանել չեր կարողանում հայրական տունը վաճառելու համար, թող փորձի ավելի ճիշտ ինֆորմացիա հավաքել և կեղծիքներից զերծ մնա: Ես երբեք չեմ հրաժարվել ու ինձ վատ չեմ զգացել, որ իմ հայրը եղել է Մանուկ Սիմոնյանը: Տեղեկություն է եղել, որ ես տուն եմ վաճառում, կամ ինչ որ գույք, չկա նման բան, այդ տունը իմ հայրական տունն է և, ի տարբերություն Արամի, այդ տունը չի վաճառվի ոչ մի գնով»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Բոլորն էլ գիտեն Նորիկ ջան թե ով է այդ Արամը, ապրես որ հորդ անունը փորձում ես բարձր պահել: Քեզ և քո մայրիկին համբերություն , հուսով եմ որ ամեն ինչ շուտ կվերջանա և մայրիկդ կվերադառնա տուն! Աստված Ձեզ հետ