«էտ ո՞վ հիմնավորեց, որ ԵՏՄ-վ լավ բան ա, տրամաբանական միակ հիմնավորումն Արտաշես Գեղամյանը բերեց: Նկատի ունի՝ եթե չանդամակցելու շանտաժը՝ գազը կթանկացնենք, հոսանքը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնենք ձեզ վրա, դուք սովից կմեռնեք…Աշոտյանն արդեն գույնը գցում էր վախից…Բա մենք էլ էտ ենք ասում՝ եթե մեզ ցեղասպանության սպառնալիքի տակ պահում են ինչ-որ տեղ, արձանագրեք դա»,-ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր «Ելք» դաշինքի առաջարկած՝ ՀՀ-ի՝ ԵՏՄ-ից դուրս գալու օրինագծի շրջանակում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հանձնաժողովականները հարցին դեմ քվեարկեցին:
«Կարո՞ղ է՝ այստեղ կաշկանդված եք, չեք կարողանում խոսել, դրա համար ենք ասում՝ ժամանակավոր հանձնաժողով ստեղծեք: Դա ձեր համար ենք ստեղծում, պարոն Աշոտյան»,-դիմելով արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը: «Թվեր ենք ներկայացնում, իսկ դուք ասում եք՝ այդպես չի…բա ո՞նց ա: ԵՏՄ-ն բացի վնասից, Հայաստանին ոչ մի օգուտ չի բերել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ