Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան․ Մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա

Սեպտեմբեր 27,2017 20:12

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ուրախ եմ ողջունել Հայաստանում Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկայի հարցերով պետնախարար Ալեն Դանքնին: Սա պետնախարար Դանքնի առաջին այցն է Հայաստան:

Մեր հյուրի հետ առաջին անգամ հանդիպել էինք այս տարվա փետրվարին Մյունխենում և այսօր հնարավորություն ունենք շարունակելու մեր երկխոսությունը։

Ինչպես գիտեք, այս տարի նշում ենք Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, որի շրջանակներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Անցած 25 տարիների ընթացքում Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հաստատվել է արդյունավետ համագործակցություն մի շարք ուղղություններով, և առկա է երկուստեք պատրաստակամություն առավել ընդլայնել հայ-բրիտանական երկկողմ օրակարգը:

Այսօր մենք մտքեր փոխանակեցինք քաղաքական երկխոսության, ակտիվ միջխորհրդարանական կապերի, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդման, կրթության և մշակույթի բնագավառում համատեղ ծրագրերի ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ:

Մեր ուշադրության կենտրոնում էր առևտրատնտեսական կապերի առավել աշխուժացունը։ Այդ համատեստում մենք ողջունում ենք խորհրդարանական Մարկ Փրիթչարդի նշանակումը ՄԹ վարչապետի կողմից Հայաստանի հետ առևտրի բանագնացի պաշտոնում։ Եվ սպասում ենք իր այցելությանը, որը կարծում եմ տեղի կունենա մեկ շաբաթից:
Քննարկեցինք նաև տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ:

Բանակցություններին անդրադարձանք Սիրիայում, Իրաքում, ընդհանրապես` Միջին Արևելքում ընթացող իրադարձություններին: Գոհունակությամբ նշեցինք ահաբեկչության դեմ պայքարում արձանագրված հաջողությունները:

Պարոն Դանքնին ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Այժմ խոսքը սիրով կփոխանցեմ մեր հյուրին։

Հարց. Շնորհակալություն, հարցս ուղղում եմ Հայաստանի արտգործնախարարին: Պարո՛ն Նալբանդյան, Նյու Յորքում Մամեդյարովի հետ հանդիպումից հետո ադրբեջանական կողմը հայտարարեց, որ աջակցում է համանախագահների ինչ-որ հետաքրքիր առաջարկություններին: Կարո՞ղ եք ասել՝ ինչի մասին է խոսքը:

Էդվարդ Նալբանդյան. Արտգործնախարարությունն արդեն հայտարարել էր, որ Նյու Յորքում նախարարները՝ եռանախագահների հետ միասին, խոսել են նախագահների մակարդակով մոտ ապագայում հանդիպման կազմակերպման մասին, ինչպես նաև եռանախագահների՝ տարածաշրջան այցելության վերաբերյալ: Համանախագահներին մենք սպասում ենք Հայաստանում հոկտեմբերի առաջին կեսին. իրենք գալու են նախապատրաստելու հենց նախագահների հանդիպումը:

Այլ հարցերի շուրջ, հատկապես, ինչ-որ առաջարկների, չի խոսվել: Միգուցե միայն Ադրբեջանում կարող են ասել, թե ինչպիսի առաջարկներ են գրգռել Ադրբեջանի հետաքրքրությունը:

Հարց. Պարո՛ն Նալբանդյան, կխնդրեի Ձեր մեկնաբանությունը Իրաքյան Քուրդիստանում հանրաքվեից հետո զարգացումների վերաբերյալ:

Էդվարդ Նալբանդյան. Ես կարող եմ ասել, որ մենք հուսով ենք, որ Իրաքի Հանրապետության իշխանությունները և Իրաքի Քուրդիստանի տարածաշրջանային իշխանությունները կխուսափեն լարվածությունից և հնարավորություններ կգտնեն՝ լուծելու առկա հարցերը:

Հարց. Պարո՛ն նախարար, երկու հարց ունեմ Ձեզ: Հայրենիք-Սփյուռք համաժողովի ժամանակ Դուք, խոսելով ղարաբաղյան հակամարտության մասին, հայտարարեցիք, մեջբերում եմ. «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»: Առաջին հարցս, կասե՞ք խնդրեմ՝ ո՞ր տարածքներն են, որոնց վերադարձը, Ձեր կարծիքով, սպառնալիք չի ներկայացնի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը:

Եվ Քուրդիստանի վերաբերյալ Հայաստանի Կառավարության դիրքորոշումը՝ հանրաքվեի հետ կապված, ողջունո՞ւմ եք արդյոք: Ի՞նչ կարող եք ասել:

Էդվարդ Նալբանդյան. Երկրորդ հարցին արդեն ես պատասխանել եմ: Ավելացնելու բան չունեմ այս պահին:

Իսկ առաջին հարցի վերաբերյալ, կարծում եմ՝ Դուք պետք է նայեք այն պատասխանը, որ ես տվեցի «Ամերիկայի ձայնին» Նյու-Յորքում առ այն, որ որոշ մեջբերումներ և դրա վրա հիմնված մեկնաբանություններ կոնտեքստից դուրս էին, ինչպես Դուք եք հիմա հանում, որովհետև բերում եք մի փոքր մաս, իսկ մնացածի մասին չեք խոսում:

Ես չեմ խոսել ինչ-որ կոնկրետ տարածքների կամ միայն այս հարցի շուրջ, այլ խոսել եմ եռանախագահող երկրների ղեկավարների կողմից արված հինգ հայտարարություններում պարունակվող երեք սկզբունքների և վեց տարրերի մասին, որոնք, հենց եռանախագահների բնորոշմամբ, մեկ ամբողջություն են ներկայացնում: Եվ այդ սկզբունքները, այդ տարրերը մեկը մյուսից տարանջատելն անհնար կդարձնի ընդհանրապես կարգավորումը, ինչը և Ադրբեջանն է փորձում անել: Իսկ հիմա Դուք եք փորձում անել. տարանջատել այդ սկզբունքները կամ այդ տարրերը մեկը մյուսից:

Ես նաև նշեցի այն, որ, ինչպես և Հանրապետության Նախագահն էր նշել իր ելույթի մեջ, կարևորագույնն Արցախի կարգավիճակի և անվտանգության ապահովման հարցերն են: Եթե այս հարցերն իրենց լուծումը գտնեն, ապա մնացածն ածանցյալ է: Երբ Դուք մեջբերեցիք, չնշեցիք, որ դրանից առաջ ես նշել էի բազմաշերտ անվտանգության երաշխիքների մասին և շատ մանրամասն էի դրանց անդրադարձել: Չգիտեմ՝ ինչու, որոշ մարդկանց անհրաժեշտ է տարանջատել, ինչ-որ մեկ բանի վրա շեշտադրում անել, սենսացիաներ անել: Դրա կարիքը չունենք:

Մենք հանգիստ վարում ենք այն քաղաքականությունը, որը վարել ենք մինչև հիմա և որի արդյունքում մենք ասում ենք, որ մեր մոտեցումները համահունչ են եռանախագահողների կողմից արված հայտարարությունների մեջ պարունակվող առաջարկություններին, որոնք մենք ընդունել ենք որպես բանակցությունների հիմք՝ ճանապարհ դեպի հիմնախնդրի կարգավորում:

Դրանցից Ադրբեջանը մշտապես հրաժարվում է և անգամ չի ցանկանում որևէ հղում կատարել դրանց: Դա տեղի ունեցավ, ինչպես մենք այսօր խոսում էինք այդ մասին, Ռիգայում՝ Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթաժողովի ժամանակ, երբ Ադրբեջանը պարզապես, ես չեմ խուսափի այդ բառից, փախուստի դիմեց գագաթաժողովից այն պատճառով, որ ԵՄ բոլոր երկրները, ինչպես նաև Արևելյան գործընկերության մնացած բոլոր անդամ երկրները կողմ էին, որ հղում կատարվի եռանախագահող երկրների ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ արված այդ հինգ հայտարարություններին:

Հարց. Հարցս պարոն Դանքնին եմ ուղղում: Դուք խորհրդարանում դատապարտեցիք Հայոց ցեղասպանությունը: Դա Ձե՞ր անձնական կարծիքն է, թե՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարության: Եվ չ՞եք կարծում, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը կկանխեր շատ հանցագործություններ՝ Հոլոքոստ, Ռուանդա, և այսօրվա շատ ահաբեկչություններ:

***

Էդվարդ Նալբանդյան. (Ի լրումն Ալեն Դանքնի պատասխանի) Ես միայն կարող եմ հավելել, որ իսկապես հարյուր տարի առաջ կամ մի փոքր ավել՝ 1915թ. մայիսին, Մեծ Բրիտանիան՝ Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ, ինչպես գիտեք, համապատասխան հայտարարություն ընդունեցին, որտեղ բնորոշեցին Հայոց ցեղասպանությունը որպես «մարդկության դեմ գործած հանցագործություն»:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930