Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր Ժիրայր Րեիսյանի գրքի շնորհանդեսը

Սեպտեմբեր 27,2017 18:45

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատգամավոր, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի Ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Րեիսյանի «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. «Ժիրայր Րեիսյանի այս գիրքը մեծագույն նվեր է հայ ժողովրդին, քանի որ աշխատատության մեջ տեղ են գտել 100 մարդասեր և հայասեր օտարազգի անհատների անուններ, ովքեր Հայոց ցեղասպանության ժամանակ, անտեսելով ամեն վտանգ ու դժվարություն, թողեցին իրենց երկրները և ձեռք մեկնեցին օսմանյան յաթաղանին զոհ գնացող հայ ժողովրդին: Րեիսյանի պապը նույնպես փրկվել է Հայոց ցեղասպանությունից: Եվ այս կերպ նաև փորձում է իր երախտագիտությունը հայտնել հայ ժողովրդի բարեկամ անհատներին»:

Սփյուռքի նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիահայ համայնքին, որ անցնելով դժվարությունների ու պատերազմի միջով՝ չընկրկեց, մնաց կանգուն: «Մեր հոգևոր հայրերի և Սիրիայում հայկական կառույցների ջանքերի շնորհիվ է, որ համայնքը դիմակայեց դժվարություններին: Մաղթենք նրանց առողջություն ու ամրություն», – նշեց նախարարը:

Գրքի հրատարակումն արժևորեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո Հայոց թեմի առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Շահան արք. Սարգիսյանը: Նա նշեց, որ չնայած սիրիական պատերազմին ու տագնապին՝ համայնքը մնաց տոկուն: Տեր Շահան արք. Սարգիսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը՝ գրքի տպագրական աշխատանքները նախաձեռնելու և շնորհանդեսը կազմակերպելու համար:

Այնուհետև ելույթ ունեցավ «100 նուիրեալներ Ցեղասպանութեան օրերուն հայ ժողովուրդի օտարազգի բարեկամներէն» գրքում տեղ գտած անհատներից մեկի՝ Նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնի թոռը՝ Յուսի Բյորնը: Նա շնորհակալություն հայտնեց Ժիրայր Րեիսյանին իր տատիկի կատարած աշխատանքը և հայ ժողովրդին նվիրումը չմոռանալու և 100 անհատների մեջ ներառելու համար:

Բանաստեղծուհի Թամարա Հովհաննիսյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ գրքում ընդգրկված բոլոր անհատներն էլ կրթված ընտանիքների զավակներ են, և չնայած 1915-ին միջազգային հանրությունն անտարբեր մնաց հայոց մեծագույն աղետին՝ ելնելով տարբեր քաղաքական շահերից, բայց առանձին մարդիկ զոհեցին բարեկեցիկ կյանքն ու անվտանգությունը և կանգնեցին մեր ժողովրդի կողքին:

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սաղաթելյանը նշեց, որ Սիրիական պատերազմի առաջին իսկ օրերից լինելով սիրիահայ համայնքում՝ մշտապես զարմացել և հիացել է Րեիսյանի գործունեությամբ: «Եվ զարմանալի չէ, որ Ժիրայր Րեիսյանի նման գործիչը պատերազմական իրավիճակում կարողացել է գիրք գրել», ասաց նա:

Գրքի վերաբերյալ իր դիտարկումները ներկայացրեց ամերիկահայ գրող, հրապարակախոս Հովսեփ Նալբանդյանը:

Հանդիպման ավարտին ելույթ ունեցավ գրքի հեղինակը՝ Ժիրայր Րեիսյանը: Նա նշեց, որ աշխատությունը նվիրել է իր մեծ հոր՝ Մարուքե Սինանյանի հիշատակին, ով փրկվելով թուրքական յաթաղանից՝ ի վերջո հաստատվել է Հալեպում և իրեն նվիրել որբախնամ ու ազգային հասարակական աշխատանքներին:

Րեիսյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի նախարարությանը և նախարար Հրանուշ Հակոբյանին՝ գրքի տպագրությունը նախաձեռնելու և քաջալերանքի համար: Հայազգի պատգամավորը երախտիքի խոսք ասաց նաև Վերապատվելի Սերոբ Մկրտիչյանին՝ իր հետ գործակցելու և աջակցության համար: «100 անուն ընդգրկող այս գիրքը գիտական աշխատանք դարձնելու հավակնություն չեմ ունեցել: Այս գրքով փորձել եմ հայ ժողովրդին հնարավորինս հանրամատչելի ներկայացնել հայասեր ու մարդասեր օտարազգի անհատներին, ովքեր օգնեցին Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայորդիներին», – խոսքը եզրափակեց Ժիրայր Րեիսյանը:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930