Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր «Ելք» դաշինքի ներկայացրած՝ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը դադարեցնելու օրինագծի շրջանակում այդ նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մերժվեց՝ հանձնաժողովի անդամները դեմ քվեարկեցին: «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանն այսպես արձագանքեց. «Ինչո՞ւ եք թշնամու պես տրամադրված, չեմ հասկանում: Չեք կարող ասել, որ պարոն Փաշինյանի բերած թվերը իրականություն չեն: Ինչի՞ չեք ուզում, որ այդ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվի»:
Ապա Արամ Սարգսյանը եւս հիշեց ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի գիրքը, որում ներառված հոդվածում նա հիմնավորել է ԵՏՄ-ին անդամակցելու կարեւորությունը: Սարգսյանն ասաց. «Թող պարոն Գեղամյանն այդ հանձնաժողովում գա ու իր գիրքը վեց լեզվով կարդա, կարող է՝ ես էլ հասկանամ, այ քեզ բան…»: Արտաշես Գեղամյանն այսպես արձագանքեց. «Մի քանի գիրք ունեմ գրած, ո՞ր մեկը»: «Որն ուզում եք»,-պատասխանեք Արամ Սարգսյանը:
Արամ Սարգսյանի դիտարկումներին այնուհետեւ արձագանքեցին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանը՝ պնդելով, որ թշնամական վերաբերմունքի խնդիրր չկա: «Իրար վրա հոխորտալու խնդիր չունենք: Այդ մասին են խոսում մեր հրաշալի կոնտակտներն իրար միջեւ»,-վստահեցրեց Հերմինե Նաղդալյանը:
Ինչ վերաբերում է ԵՏՄ անդամակցությանը, նրա խոսքով. «Թվերը խոսում են այն մասին որ ԵՏՄ տնտեսական անկումը կանգնել է, մենք գնում ենք դեպի աճ: Պարո՜ն Փաշինյան, մենք լոլիկ եւ գյուղմթերք ենք արտահանում: Հայկական շուկայի մի մասը թուրքական լոլիկ է եղել, մենք միշտ էլ լոլիկ ներմուծել ենք, թե ԵՏՄ անդամ եղած ժամանակ, թե դրանից առաջ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ