Քիքբոքսինգի Հայաստանի հավաքականները վերադարձել են սեպտեմբերի 19-25-ը Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացված աշխարհի գավաթի խաղարկությունից, որտեղ նվաճել են երկու ոսկե, յոթ արծաթե ու երեք բրոնզե մեդալ:
Այսօր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն ընդունեց նրանց ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ:
Մարզիկներին շնորհավորելով՝ Հրաչյա Ռոստոմյանը հայտարարեց, որ մոտ օրերս Հայաստանի քիքբոքսինգի ֆեդերացիան կընդգրկվի ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության հետ համագործակցող ֆեդերացիաների ցանկում:
«Քիքբոքսինգի ֆեդերացիան Հայաստանում ամենակայացածներից եւ ամենակարգապահներից է: Պաշտոնական կարգավիճակը մի շարք առավելություններ կտա ֆեդերացիային: Վստահ եմ, որ հաջորդ տարվանից էլ ավելի համախմբված ու բարձր ոգով կմասնակցեք միջազգային մրցաշարերին:
Մեր գլխավոր նպատակը Հայաստանում համատեղել կոնտակտային մարտարվեստները եւ անցկացնել հանրապետության միասնական առաջնություն: Շատ կարեւոր է, որ քիքբոքսինգի ֆեդերացիայում դրված կարգ ու կանոնը վարակիչ լինի մեր մյուս մարզաձեւերի ֆեդերացիաների համար»,- ասաց Հրաչյա Ռոստոմյանը:
Հայաստանի քիքբոքսինքի ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, ի նշան շնորհակալության, գավաթ հանձնեց նախարար Հրաչյա Ռոստոմյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ