Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է նույնիսկ ավելի լավ լինի, որ Սերժ Սարգսյանը լինի, գործընթացներն արագանան». Արմեն Մարտիրոսյան

Սեպտեմբեր 27,2017 17:51

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ լինելու հավակնություններին, նկատի ունենալով Գալուստ Սահակյանի խոսքը, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, ասաց. «Վայ այն պետությանն ու ազգին, որ անփոխարինելի ղեկավար ունի, այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի անփոխարինելի էր այն ժամանակ, որովհետեւ ինքը 88-ի շարժման ակունքներից կանգնած էր, կամ ասենք Ռոբերտ Քոչարյանն ավելի անփոխարինելի էր, որովհետեւ ինքը համ ակունքներին էր կանգնած, համ էլ Ղարաբաղի ղեկավարությունն էր իրականացնում: Կարծես թե պատմությունն ապացուցեց, որ անփոխարինելիներ չկան: Ստալինի մահվան ժամանակ մարդիկ նույնիսկ մազերն էին իրենց գլխից փետում, խելագարության մեջ էին ընկնում, թե երկիրն ինչ է լինելու Ստալինից հետո, բայց երկիրը շատ նորմալ էր, հակառակը՝ որոշ բարեփոխումներ եղան Խրուշչովի ժամանակ՝ այսպես կոչված «ձնհալի» տարիներին: Այնպես որ, անփոխարինելի չէ Սերժ Սարգսյանը:

Եթե խնդիրն այն է, որ Սերժ Սարգսյանը հեռանա, բայց կառավարման այս մեթոդիկան այս շրջանակներով մնա, դա ոչինչ չի փոխի: Ուղղակի Սերժ Սարգսյանի պարագայում, կարծում եմ, բացասական գործընթացներն ավելի արագ կընթանան, որը մի կողմից ավելի լավ է: Ծանր հիվանդության ժամանակ մահը, ըստ էության որոշ դեպքերում ավելի նախընտրելի ելք է, քան թե այդ տանջանքը անընդհատ շարունակվի: Դրա համար այդ տեսանկյունից կարող է նույնիսկ ավելի լավ լինի, որ Սերժ Սարգսյանը լինի, այդ գործընթացներն ավելի արագանան: Կարող է այդ «մահից» հետո չորրորդ հանրապետությունը ծնվի»:

Մեր հարցին՝ Ձեզ համար ըստ էության մե՞կ է՝ Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ, Սերժ Սարգսյանը, թե մեկ ուրիշը՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Խոշոր հաշվով այո, իհարկե: Ոչ մի տարբերություն դա չի տալու: Ռոբերտ Քոչարյանի պարագայում ի՞նչ եղավ, որ հիմա ինչ լինի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարում՝ Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Սերժ Սարգսյանը 2015 թ. մարտի 12-ին հանդիպում է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930