Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Շուրջ 900 անուն ապրանքների թանկացում. ԵԱՏՄ-ի անդամակցության օգուտներն ու կորուստները

Սեպտեմբեր 27,2017 17:07

«Մեզ ասում էին բազմամիլիոնանոց շուկա մեծ գումարներով, բայց փաստերը ցույց են տալիս, որ ԵԱՏՄ շուկան ընդհանուր համաշխարհային առևտրի 0,5 տոկոսն է , այնինչ ԵՄ-ի շուկան 40 տոկոսը»,-«ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտներն ու կորուստները» խորագրով հանրային քննարկմանն այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` արձագանքելով իր գործընկեր ԱԺ նախագահի տեղակալ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի այն կասկածներին`արդյոք ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո ներդրումները հոսելո՞ւ էին Հայաստան:

Քննարկման ընթացքում պարոն Մելքումյանը շոշափեց նաև անվտանգության խնդիրներ. «Չեմ ասում լավ է, թե` ոչ, որ մեր անվտանգության համակարգը սերտորեն շաղկապված է Ռուսաստանի գործոնի հետ, բայց դա այդպես է, և այդ ստատուս քվոյի հետ հաշվի չնստել չենք կարող: Հարց է, թե Եվրամիության հետ խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի ստորագրման դեպքում արդյոք խոշորածավալ ներդրումնե՞ր էին հոսելու Հայաստան»:

Անդրադառնալով արտահանման խնդիրներին` Միքայել Մելքումյանը փաստեց, որ այժմ գործում է GSP+ համակարգը և 6400 ապրանքներ կարող ենք արտոնյալ պայմաններով արտահանել Եվրոպա: Այնուհետև հարց բարձրացրեց` որքա՞նն ենք դրանցից արտահանում, կամ հայտնի՞ է արդյոք Եվրամիություն ապրանք արտահանելու դեպքում խստագույն պահանջներ սերտիֆիկացման հարցում կա՞ն, թե՞ ոչ:

Միքայել Մելքումյանը փաստեց, որ ԵՏՄ-ի ներուժը Հայաստանը լիովին չի օգտագործում, ինչն ունի և՛ օբյեկտիվ պատճառներ, օրինակ` Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, և՛ սուբյեկտիվ` ՀՀ-ի թերացումները:

Գևորգ Գորգիսյանը ներկայացրեց այն բացասական հետևանքները, որոնք գրանցվել և դեռ գրանցվելու են ԵՏՄ-ին անդամակցությունից հետո. «Այն պարագայում, երբ ԵԱՏՄ-ում ունենք 183 միլիոն բնակիչ, ԵՄ-ում ունենք 510 միլիոնանոց շուկա: Եվրամիության ՀՆԱ-ն 16 տրիլիոնն է անցնում, իսկ ԵԱՏՄ-ի ՀՆԱ-ն ընդամենը 4 տրիլիոն: Եթե մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ին ենք նայում, ԵԱՏՄ-ում ամենաբարձր ցուցանիշը` 26490 դոլար` ՌԴ-ում է, ԵՄ-ի տարածքում առաջատարը Լյուքսեմբուրգն է`104 հազար դոլար: Այս ամենը ցույց է տալիս, թե ում հետ գործ ունենք»:

Դառնալով տնտեսության դիվերսիֆիկացմանը` պարոն Գորգիսյանը փաստեց, որ ԵԱՏՄ ՀՆԱ-ի 80 տոկոսը պատկանում է ՌԴ-ին, իսկ ԵՄ-ում 2015-ի տվյալներով` ՀՆԱ 80 տոկոսը բաժին է ընկնում ոչ թե մեկ երկրի, այլ Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Իտալիային, Իսպանիային»:

Գևորգ Գորգիսյանը նաև փաստեց, թե անկում է ապրել նաև ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը. 2014-ին եղել է 4,1 տոկոս և այժմ գնալով հետընթաց ենք ապրում:

Գևորգ Գորգիսյանը նաև զգուշացրեց, որ շուրջ 900 անուն ապրանքների թանկացումներ են սպասվում: Նա թվարկեց. «Շուտով սկսելու են գործել ԵԱՏՄ-ի մաքսատուրքերը: Օրինակ` դեղորայքի համար հիմա գործում է 0 տոկոս մաքսատուրք, ԵԱՏՄ-ում 8-12 տոկոս է դառնալու, և այդքան գնաճ ենք ունենալու: Հիմա շաքարավազի դեպքում տասը տոկոս մաքսատուրք ունենք, այն դառնալու է 40 տոկոս, այսինքն` 30 տոկոս թանկացում, թռչնամիսը 10 տոկոս մաքսատուրքով է ներկրվում, շուտով դառնալու է 25, մեքենաների մաքսատուրքը 10 տոկոս է, այն աճելու է մինչև 25-200 տոկոս»:

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, հակադարձելով քննադատություններին, վստահեցրեց, որ կատարված քայլը տեղին էր և տվյալ ժամանակաշրջանի համար ամենաճիշտ քաղաքական և տնտեսական որոշումը: Նա մանրամասնեց. «ԵԱՏՄ-ն առաջին հերթին տնտեսական միություն է, այն ռազմաքաղաքական միություն չէ, և անվտանգության հարցերով բոլոր մեջբերումները վերաբերում են հենց տնտեսական անվտանգությանը»:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև վստահեցրեց, թե ցանկացած միության անդամակցությունն ընթանում է դժվարություններով, առավել ևս, երբ այն ընդամենը ձևավորման փուլում է և պնդեց, թե ասել, որ ԵՄ-ում դժվարություն չէր լինելու, սխալ կլիներ:

Այնուհետև պարոն Մելիքյանը հայտարարեց, թե տնտեսական ապահովման հետ կապված իրականությանը չհամապատասխանող թվային տվյալներ են ներկայացվում. «Իսկ թանկացումները կարող էինք ունենալ նաև ԵՄ-ի հետ անդամակցության պարագայում: Ասել, որ մենք ունենում ենք հետընթաց ԵՄ երկրների հետ առևտրային գործընթացներում, սխալ կլինի: Մենք ունենք առևտրային լավ հարաբերություններ ԱՄՆ մայրցամաքում և ԵՄ երկրների հետ: Դեղորայքի գների հետ կապված նշեմ, որ ոչ թե 8-12 տոկոս է մաքսատուրքը, այլ 0-8 տոկոս: ԵԱՏՄ-ում գործող շաքարավազի դրույքաչափը կախված ներմուծման պահին իրացման գներից տատանվում է 1000 կգ-ի համար 140-340 ԱՄՆ դոլարի միջակայքում: 40 տոկոս թանկացում չկա: Ավտոմեքենաների մաքսատուրքի առավելագույն դրույքաչափը կազմում է 25 տոկոս, ոչ թե 200»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930