Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության նախարարության Եվրոպայի և Ամերիկաների հարցերով նախարար Ալան Դանքնին:
Նշելով, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում՝ վարչապետն ընդգծել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման անցած 25 տարիների ընթացքում երկկողմ համագործակցություն է ծավալվել տարբեր ուղղություններով:
Անդրադառնալով տնտեսական ոլորտում տարածաշրջանային համագործակցությանը, Կարեն Կարապետյանը հիշեցրել է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ փակ է պահում Հայաստանի հետ սահմանը՝ խոչընդոտելով տարածաշրջանային բազմաթիվ նախաձեռնությունների իրականացման հնարավորությանը:
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Միացյալ Թագավորության հետ նախևառաջ երկկողմ հարաբերությունների զարգացումը, որոնք պայմանավորված չեն լինի երրորդ կողմերի գործողություններով: Կառավարության ղեկավարը կարևորել է համատեղ պայքարը միջազգային ահաբեկչության դեմ և իր զորակցությունն է հայտնել բրիտանացի ժողովրդին Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Կարեն Կարապետյանը ողջունել է նաև Միացյալ Թագավորության հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործում, որը համահունչ է Մինսկի խմբի համանախագահների ջանքերին:
«Մենք մեծապես կարևորում ենք երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ վստահ լինելով, որ առկա է մեծ ներուժ՝ տնտեսական համագործակցությունը բարելավելու համար: Այդ առումով, առաջարկում եմ քննարկել համատեղ բիզնես ֆորումների կազմակերպման, բրիտանական բիզնես հանրությանը Հայաստանում ներդրումներ կատարելու բարենպաստ մթնոլորտի վերաբերյալ ավելի լայն տեղեկացման և այլ նախաձեռնությունների ուղղությամբ: Հայաստանը պետք է դիտարկել որպես կամուրջ՝ Եվրասիական տնտեսական միության, եվրոպական շուկաներ ու Իրան դուրս գալու համար: Համոզված եմ, որ անկախ մեր երկրի մեծությունից՝ մենք կարող ենք հետաքրքիր լինել միջազգային բիզնեսի համար և շահագրգռված ենք, որպեսզի բրիտանական բիզնեսը ոչ միայն ներդրումներով, այլ նաև իր մշակույթով ընդլայնի իր ներկայությունը մեր երկրում», – ընդգծել է վարչապետը: Կառավարության ղեկավարը ողջունել է նաև Հայաստանում Միացյալ Թագավորության առևտրի պատվիրակի նշանակման փաստը և վստահություն հայտնել, որ այն կխթանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը։
Ալան Դանքնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու խորացումը: Պարոն Դանքնը վստահություն է հայտնել, որ Հայաստանում ՄԹ առևտրի պատվիրակի գործունեությունը նոր թափ կհաղորդի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու զարգացմանը: «Մենք պատրաստ ենք Հայաստանն ընդգրկել Բարեխիղճ կառավարման հիմնադրամի ծրագրերում՝ ցուցաբերելու ֆինանսական օժանդակություն՝ պետական կառավարման, արդարադատության և տնտեսական ոլորտներում բարեփոխումների իրականացման համար», – ասել է բրիտանացի նախարարը:
Նա նաև ողջունելի է համարել, որ Հայաստանը դիմել է միանալու Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI) և համարվում է թեկնածու երկիր՝ նշելով, որ այն լավ հարթակ է լինելու երկրի գործարար միջավայրի ներկայացման համար:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել բրիտանական կողմին՝ ՀՀ կառավարության հակակոռուպցիոն ռազմավարությանը, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնին ցուցաբերվող փորձագիտական օժանդակության համար:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ առևտրային ռեժիմի դյուրացմանը, ավիացիայի, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերին:
ՀՀ կառավարություն