Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու քաղաքապետի նախկին թեկնածուն ցնցել է Կաննի ցուցահանդեսը (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 27,2017 16:40

Գյումրեցի արվեստագետ Անդրանիկ Ավետիսյանը, որն իր աշխատանքներն էր ուղարկել Ֆրանսիա՝ հեռակա կարգով մասնակցելով սեպտեմբերի 23-26-ին Կաննի ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսին, երեկ «Նոր տաղանդ և ամենաստեղծագործական միտք» մրցանակի է արժանացել։ Մասնակիցները եղել են թվով 100 հոգի՝ աշխարհի տարբեր երկրներից։

Արվեստագետն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ իր աշխատանքները երբեմն գցում է ֆեյսբուքյան տարբեր էջեր, Կաննի ցուցահանդեսի կազմակերպիչներից մեկն էլ, տեսնելով, նամակ է գրել ու հրավիրել է մասնակցելու։ «Նամակը ֆրանսերեն էր, տղայիս խնդրեցի թարգմանել, հետո կազմակերպիչը զանգեց, ասաց, որ հիացած եմ ձեր աշխատանքներով, խնդրում եմ անպայման մասնակցել մեր ցուցահանդեսին։ Նրա մոտ սկզբում այնպիսի տպավորություն էր, թե ձեռքի աշխատանքներ են՝ նուրբ գծերով, բայց երբ տղայիս հետ էր խոսել, նա ասել էր, որ հայրս սարդոստայնով է ստեղծագործում։ Կազմակերպիչ աղջիկը զարմացել էր, թե ի՞նչ սարդոստայն։ Ասել էր՝ մենք նման բան ոչ տեսել ենք, ոչ էլ լսել։ Սկզբում համաձայնեցի գնալ, հետո չհամաձայնեցի, ինձ մի քիչ դժվար է տեղից տեղից տեղափոխվելը, նույնիսկ առաջարկեցին չգալու դեպքում մի աշխատանք ուղարկել, ասացին՝ մնացած գործերը ինտերնետից կհանենք, լուսանկարների տեսքով կցուցադրենք։ Մտածեցի՝ դա անընդունելի տարբերակ է, ֆոտոներ հանեն, պատին փակցնեն, արվեստագետը ոնց որ իրեն փչացնի։

Երբ հրաժարվում էի մասնակցել, կազմակերպիչն ասաց, թե իր արտերկրի հյուրերն ինձ են սպասում, նրանք հետաքրքրված են իմ գործերով, ուզում են իմանալ՝ ի վերջո իմ աշխատանքները ապակո՞ւց են, երկաթի՞ց են, ասաց՝ ուզում ենք վերցնենք ձեռքներս, պատկերացում կազմենք։

Որոշեցի ուղարկել իմ գործերը, հիմնականում հին աշխատանքներս եմ ուղարկել, թվով 15 աշխատանք, մեկն էլ ճանապարհին կոտրվել էր։ Տղաս Ֆրանսիայում է սովորում, որոշեցինք, որ նա տանի աշխատանքներս, ներկայացնի ցուցահանդեսին։ Տղաս արվեստից հեռու է, բայց երբ ժյուրիի նախագահը մոտեցել, հիացական խոսքեր էր հնչեցրել, տղաս Ֆրանսիայից ոգևորված զանգահարեց՝ փոխանցելով դրանք։ Ես չէի պատկերացնում նման արձագանք։ Հիմնական կուտակումները եղել են իմ սրահում, այցելուները շատ հարցեր են տվել, հետաքրքրվել, թե ինչպե՞ս եմ ստեղծագործել, տղաս էլ, ինչքան որ տեղյակ էր, պատասխանել է։ Ինձ ոգևորեց մի պատմություն, իմ սրահ է մտել ֆրանսահայ մի կին, և երբ ընթերցել է ազգանունս՝ Ավետիսյան, այցելուներից մեկին հպարտորեն ասել է ՝ տեսեք հայ է ազգությամբ, նրա զրուցակիցն էլ պատասխանել է՝ գիտեմ հայերի տաղանդը, Շառլ Ազնավուրին տեսեք, պատկերացրեք․ հայերն այնպիսի բան են անում, որ ամբողջ աշխարհն է ցնցվում։ Ամեն մի այցելու մի քանի անգամ այցելել է՝ իր հետ նոր մարդիկ բերելով։ Իհարկե, շատ հպարտ եմ, որ միջազգային ցուցահանդեսում նման հետաքրքիր մրցանակի եմ արժանացնել»,- ասաց Անդրանիկ Ավետիսյանը։

Այդուհանդերձ մեր զրուցակիցն անկեղծորեն խոստովանում է, որ միջազգային մրցանակի արժանանալուց հետո էլ չի պատկերացնում, որ այս ամենն իր հետ է կատարվել, պատճառը, ըստ նրա, միգուցե այն է , որ անձամբ չի եղել Կաննում, անձամբ չի լսել իրեն հասցեագրված հիացական խոսքերը, շփումներն իր հետ չեն եղել։

 

Անդրանիկ Ավետիսյանն այժմ տարբեր հրավերներ ունի աշխարհի տարբեր անկյուններից, հրավեր է ստացել թե՛ Ֆրանսիայի պատկերասրահներից, թե՛ մասնակից տարբեր արվեստագետների կողմից։

 

Ի դեպ, մեր զրուցակիցը համեստորեն փաստում է, որ Հայաստանում ինքը ցուցահանդեսների չի մասնակցել, սարդոստայնային գործերն առաջին անգամ ցուցադրվել են Կաննում ու միանգամից արժանացել մրցանակի։

Հիշեցնենք, որ Անդրանիկ Ավետիսյանը 2012 թվականին Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար մրցակցում էր Սամվել Բալասանյանի հետ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարները՝ Անդրանիկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930