ԱԺ-ում այսօր «Ելք» խմբակցության ներկայացրած՝ ՀՀ-ի մասով ԵՏՄ անդամակցության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ օրինագծի շրջանակում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցի քննարկման ժամանակ զեկուցող, խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեց ներկայումս ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանի՝ տարիներ առաջ գրված՝ «ԵՏՄ-ին անդամակցելու այլընտրանքը պատերազմն է» հոդվածը, որը ներառվել է նրա գրքում:
Փաշինյանը հեգնեց, որ գիրքը մինչ օրս բաժանում են օտարերկրացի պաշտոնյաներին՝ այն դեպքում, երբ իշխող ՀՀԿ-ն ժամանակին պնդում էր ԵՏՄ-ի՝ ՀՀ-ի համար անվտանգության երաշխիք լինելու փաստը, մինչդեռ տեղի ունեցան ապրիլյան ռազմական գործողությունները:
«Հայկական կողմն Արցախյան հակամարտության գոտում ունեցավ տարածքային լրջագույն կորուստներ, ավելին՝ լուրջ կասկածներ կան, որ Ադրբեջանն այդ պատերազմի պայմանները քննարկել ու համաձայնեցրել է ԵՏՄ մեր գործընկերների հետ, որոնք ՀՀ-ի հանդեպ թշնամական դիրքորոշում ունեն»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց. «Բելառուսն ու Ղազախստանն Ադրբեջանի հետ շատ ավելի խորը տնտեսական եւ ռազմաքաղաքական հարաբերություններ ունեն, քան ՀՀ-ի հետ: Ռուսաստանի պարագայում էլ պետք է դեռ հասկանալ՝ նա ո՞ւմ ռազմավարական գործընկերն է»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանն արձագանքեց Փաշինյանի դիտարկմանը. «Իմ այդ հոդվածը կարդացել են նաեւ թուրք եւ ադրբեջանցի պատվիրակները: Գալիս շնորհակալություն էին հայտնում՝ հասկանալու համար, թե ինչու է ՀՀ-ն հակված ԵՏՄ-ին անդամակցել: Ուկրաինայի դեպքերից հետո այդ երկրի տնտեսությունը խայտառակ վիճակում է: Եթե չանդամակցեինք, կունենայինք այն, ինչ Ուկրաինայի պարագայում է»:
Նիկոլ Փաշինյանն Արտաշես Գեղամյանին թվերով հակադարձեց. «2015 եւ 16թթ. ՀՀ-ն Ուկրաինայի հետ ունեցել է 109 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն, այսինքն՝ ավելի, քան Բելառուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի հետ առեւտրաշրջանառության թվերն իրար հետ վերցրած»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Գեղամյանի հոդվածի պնդումը չի արդարացել. «Որովհետեւ ԵՏՄ մտանք՝ պատերազմ ունեցանք եւ կորուստներ»:
Գեղամյանը հարցրեց. «Ուզում եք ասել՝ Ադրբեջանի 590 զոհերը համաձայնեցվա՞ծ էին ԵՏՄ անդամների հետ»: Փաշինյանը պատասխանեց. «Այնպես եք խոսում, կարծես մենք չենք 800 հեկտար կորցրել»:
Ապա Գեղամյանը խորհուրդ տվեց իր գիրքը կարդալ եւ հոդվածի էությունն ուսումնասիրել: Նիկոլ Փաշինյանը հեգնեց. «Դուք ձեր գրքերն այնքան եք պատմում, որ կարդալու անհրաժեշտություն չկա»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ