Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փաշինյանը թվերով խոսեց ու պնդեց. «ԵՏՄ-ն սպառնալիք է ՀՀ-ի համար եւ վտանգավոր» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2017 15:39

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում այսօր ընթանում է ՀՀ-ի մասով ԵՏՄ անդամակցության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու շրջանակում ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ օրինագծի քննարկումը, որը ներկայացնում է ԱԺ «Ելք» խմբակցությունը: Վերջինիս ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հիմնավորեց օրինագիծը ներկայացնելու պատճառները: Համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ն ԵՏՄ-ում անելիք չունի եւ կառույցին անդամակցությունը լրջագույն սպառնալիք է ստեղծել մեր երկրի համար՝ տնտեսական, ռազմաքաղաքական եւ քաղաքական անվտանգության առումներով:

«Վերջին երկու տարիները հիմնավորել են այս պնդումները, այդ տարիներին ՀՀ-ի ՀՆԱ-ն դոլարային հաշվարկով կրճատվել է ութ տոկոսով, զբաղվածության մակարդակը՝ տասներեք տոկոսով, իսկ պետական պարտքն աճել է տասը տոկոսով»,-այսպիսի թվեր ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի վերաբերյալ կանխատեսվող սպառնալիքները եւ այդ տնտեսական կառույցի անարդյունավետությունն արդարացվել են. «Պաշտոնական լրատվության կողմից թաքցվում կամ շրջանցվում է այն փաստը, որ անդամակցելուց հետո անգամ ՌԴ-ի հետ մեր առեւտրաշրջանառության ծավալների զգալի անկում է եղել: ՀՀ-ն 2015 եւ 16թթ. 4 միլիոն դոլարի առեւտրաշրջանառություն է ունեցել ԵՏՄ անդամ Ղազախստանի հետ, իսկ Բելառուսի հետ՝ 37 միլիոն դոլարի: Ղրղըզստանն այս վիճակագրության մեջ առհասարակ տեղ չունի: Ղազախստանը եւ Բելառուսը մեր գործընկերներն են համարվում, այսինքն, պետք է սերտացնել նրանց հետ հարաբերությունները, բայց մեկ այլ տվյալ ասեմ: Թուրքիայի հետ մեր շրջանառությունը 164 միլիոն դոլար է: Այն Թուրքիայի, որի հետ որեւէ տեսակի հարաբերություն չունենք: Անգամ մեր եւ Բելգիայի առեւտրաշրջանառությունն է 99 միլիոն դոլար: Էս ի՞նչ տնտեսական միություն է, որում միայն անկումներ են արձանագրվում»:

Նիկոլ Փաշինյանը համոզմունք հայտնեց, որ ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը վտանգավոր է. «ԵՏՄ-ի մեր գործընկերների կողմից տեսնում ենք արհամարհանքի դրսեւորումներ մեր ինքնիշխանության հանդեպ, ցինիկ միջամտություններ ՀՀ ներքին գործերին: Այն մտավախությունը, որ անդամակցելով ԵՏՄ-ին՝ ՀՀ-ի համար ինքիշխանության լուրջ սպառնալիքներ են ի հայտ գալիս, ավելի է ամրապնդվել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930