Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ քաղաքական գործիչներ, դեսպաններ դասավանդելու են Լիբերալ քաղաքական դպրոցում

Սեպտեմբեր 27,2017 14:38

Այսօր Լուսավոր Հայաստան կուսակցության Լիբերալ քաղաքական դպրոցի բացման պաշտոնական արարողությունն էր, որին մասնակցում էր նաեւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Նա նշեց, որ Հայաստանում ազատական դպրոց ունենալու գաղափարը շատ լավ նախաձեռնություն է. «ՀՀ-ն առաջին հերթին գտնվում է այն գործընթացում, որ ձեւավորում է քաղաքական մոդեռնիզացիան, տեւական ժամանակ է ընթանում է, դեռ ավարտին չի հասել: Բնական է, որ երիտասարդ կուսակցությունները փորձում են իրենց ինքնուրույնությունը հաստատել եւ գրավել ընտրողների ուշադրությունը: Անկասկած, Հայաստանում կարիք կա ունենալու քաղաքական դեբատների մշակույթ եւ ընտրողները ընտրազանգվածը կարիք ունի ընտրության լայն սպեկտորի: Նման դպրոցները, ինչպիսին սա է, բավականին լուրջ գաղափարի են ծառայում: Նրանք օգնում են կրթել եւ խորացնել քաղաքական դեբատների մշակույթը Հայաստանում»:

Սվիտալսկին ասաց, որ շատերից է լսում, որ հիմա արդեն ժամանակն է, որ ՀՀ-ում ծնվեն երիտասարդ քաղաքական գործիչներ, երիտասարդ առաջնորդներ. «ՀՀ հասարակությունը պիտի ընդունակ լինի վերցնել, օգտագործել եւ լուծումներ տալ քաղաքական դժվարություններին: Ես վստահ եմ, որ այս դպրոցը թույլ կտա նոր դեմքերին ընդգրկվել քաղաքական դաշտում եւ ավելացնել հասունությունը այդ դաշտում»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ, «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը նշեց, ինչ-որ պահ է եկել, որ մարդու իրավունքների համար պայքարող կազմակերպությունները թուլացել են, մտածել են, որ արդեն կարիք չկա պաշտպանելու, որովհետեւ դա արձանագրված փաստ է, բայց արդյունքում հետընթաց է գրանցվել. «Այսօր ամբողջ աշխարհում լիբերալ կամ ազատական արժեքների, ժողովրդավարության հետընթաց է տեղի ունենում: Դա տեղի է ունենում ամենազարգացած երկիրներից սկսած: Երբ որ մենք դա նկատում ենք, իսկ մենք օրինակ էինք վերցնում այդ երկրներից, մեզ համար շատ վտանգավոր ուղերձներ են դրանք, որ գալիս են զարգացող ժողովրդավարություններ: Ազատական արժեքները պետք է անընդհատ զարգացվեն, դրանք անընդհատ պաշտպանության կարիք ունեն, որ որեւէ մեկը չթուլանա եւ չմտածի, թե դրանք արձանագրված են, հետո հետընթաց արձանագրենք»:

Մարուքյանն ասաց, որ Լիբերալ քաղաքականության դպրոցում գաղափարներ են փոխանակելու, որը հնարավորություն է տալու գիտակցելու, որ առանց այս արժեքների մենք չենք կարող ունենալ ժողովրդավարական Հայաստան, որտեղ մարդը ոչ թե գործիք է, այլ՝ կենտրոնական արժեք:

Բազմաթիվ քաղաքական գործիչներ, դեսպաններ իրենց համաձայնությունն են տվել դպրոցում դասավանդելու: «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանը նույնպես նրանց թվում է:

Պապյանը հույս հայտնեց, որ այս դպրոցում առողջ քաղաքական բանավեճեր կլինեն եւ կգտեն մեր երկրի առջեւ ծառացած խնդիրների լավագույն լուծումները, այն իսկապես լիբերալ քաղաքականության դպրոց կլինի, ոչ թե կուսակցական:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ «Ճանաչելով այն մարդկանց, ովքեր կանգնած են նախաձեռնության հիմքում, մասնավորապես՝ դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանին, համոզված եմ, այստեղ շատ հետաքրքիր է լինելու, իսկապես կարելի է գալ, ժամանակ անցկացնել, լսել, սովորել, կարծիքներ փոխանակել: Դա լինելու է կարծիքների խաչմերուկ եւ գաղափարների գեներացիայի մի հարթակ, որով մենք բոլորս հարստանալու ենք»:

Փաշինյանը նշեց, որ ԱԺ որեւէ պատգամավոր, եթե ամեն հաջորդ օրը ավելի բարձր կրթական ցենզ չունի, նշանակում է լավ չի կատարում իր ծառայությունը իր պետության եւ ժողովրդի առաջ. «Մեր խնդիրը ամեն օր ինքներս մեր կրթական ցենզը բարձրացնելն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930