Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցունակության զեկույցում ՀՀ-ն 73-րդն է, Ադրբեջանը մեզանից առաջ է (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2017 14:24

Մրցունակության համաշխարհային զեկույցի տվյալներով այս տարի Հայաստանն առաջընթաց է գրանցել. 6 հորիզոնականով մեր երկիրը բարելավել է դիրքերը:

Զեկույցի արդյունքներն այսօր լրագրողներին ներկայացրեցին «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ, «Ի-Վի Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանն ու կենտրոնի խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը:

Ըստ զեկույցի, այս տարի Հայաստանը մրցունակության համաշխարհային վարկանիշային ցանկում զբաղեցրել է 73-րդ տեղը 137 երկրի շարքում, իսկ անցյալ տարի Հայաստանը 79-րդ տեղում էր 138 երկրներում: Հովհաննիսյանի կարծիքով՝ Հայաստանի զբաղեցրած 73-րդ տեղը ռեկորդային է:

Մեր տարածաշրջանի երկրներից մի քանիսը զեկույցում Հայաստանից բարձր հորիզոնականներն են զբաղեցնում: Ադրբեջանն այս ցանկում 35-րդ տեղն է զբաղեցնում, Ռուսաստանը՝ 38-րդ, Վրաստանը՝ 67-րդ, Իրանը 69-րդ, իսկ Թուրքիան՝ 53-րդ:

Սեւակ Հովհաննիսյանի ներկայացմամբ՝ տնտեսական ճգնաժամից 10 տարի անց էլ ֆինանսական հատվածը դեռեւս մնում է խոցելի, եւ նախորդ ֆինանսական ճգնաժամը բխել է զարգացած երկրներից եւ այս անգամ էլ ռիսկերը գալու են զարգացող երկրներից, մասնավորապես Չինաստանից եւ Հնդկաստանից, որտեղ մեծ բում է ապրում վարկավորումը:

Ինչ վերաբերում է մրցունակության զեկույցին, ապա առաջին տեղը զբաղեցնում է Շվեյցարիան, ապա՝ ԱՄՆ-ն, 3-րդ տեղը՝ Սինգապուրը, 4-րդը՝ Նիդեռլանդները իսկ 5-րդ տեղում Գերմանիան է: Չինաստանն այս ցանկում 27-րդ հորիզոնականում է:

Ըստ բանախոսների, «Ապրանքների շուկայի արդյունավետության» գործոնով Հայաստանը 35-րդ տեղն է զբաղեցրել, եւ 51-րդ տեղը՝ «Աշխատաշուկայի արդյունավետության», 55-րդ տեղը՝ «Առողջության եւ տարրական կրթության», ինչպես նաեւ «Հանրային ինստիտուտների» գործոնով, 68-րդ տեղը՝ «Ընկերությունների մրցունակության» եւ 70-րդ տեղը՝ «Նորարարության» գործոնով: Սակայն Հայաստանը ՊՀ երկրների համեմատությամբ, զիջում է «Շուկայի չափ» հենասյան գնահատականով:

«Տեխնոլոգիաների պատրաստվածություն» հենասյունով Հայաստանը 6 կետով նահանջել է, «Մակրոտնտեսական միջավայր» հենասյունով էլ 13 կետով ենք անկում գրանցել:

Զեկույցի համաձայն, բիզնես սկսելու գործընթացների քանակն ու ժամկետը մնում է Հայաստանի ուշագրավ առավելություններից: Մեր առավելություններից է նաեւ համարվում հարկման ցածր բեռը եւ աշխատանքի ընդունման-հեռացման ճկունությունը: Ըստ զեկույցի արդյունքների, մրցակցային թերություններից են՝ ֆինանսավորումը տեղական կապիտալի շուկայի միջոցով, նավահանգստային ենթակառուցվածքների որակը (այն երկրները, որոնք չունեն ելք դեպի ծով՝ գնահատում են ամենամոտ նավահանգիստը): Եվ մեկ այլ թերություն է դիտարկվում, ըստ զեկույցի, արտաքին շուկայի չափը:

«Հայաստանը մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով՝ մոտ 3600 դոլար, շարունակում է մնալ արդյունավետության վրա հիմնված փուլում: Երբ նայում ենք դինամիկան տնտեսական աճի եւ մրցունակության գնահատականի, վերջին 4 տարիներին տեսնում ենք անընդհատ դիրքի բարելավում»,-ասաց Հովհաննիսյանը:

Մանուկ Հերգնյանի խոսքերով՝ «Պետական պարտքի հետ կապված խնդիրները, որոնք մակրոտնտեսական կարեւոր ինդիկատոր են, արագ փոփոխություններ դժվար է ակնկալել: Մեկ այլ կարեւոր բան էլ՝ չափազանց մեծ շեշտադրությունը միայն արդյունավետության վրա, կարող է սահմանափակել մեր տնտեսական հնարավորությունների ընդլայնումը միջին ժամկետում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930