Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է հանգեցնել զոհերի. այս ստատուս քվոն պարզապես անընդունելի է

Սեպտեմբեր 27,2017 14:12

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) ամփոփել է Ադրբեջան կատարած երկօրյա այցը՝ հատուկ ուշադրություն դարձնելով տարածաշրջանի ժողովրդի վրա Արցախի հակամարտության ազդեցության վրա: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ԽՎ հաղորդագրության մեջ:

Բաքվում հատուկ ներկայացուցիչը հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում խորհրդարանի խոսնակ Օքթայ Ասադովի, փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամների և խորհրդարանում ներկայացված կուսակցությունների անդամների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վիգենինն այցելել է նաև Մասազիր շրջան՝ հանդիպելու հակամարտության հետևանքով հարկադիր տեղահանվածների հետ:

«Մենք երբեք չպետք է մոռանանք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է հանգեցնել զոհերի. այս ստատուս քվոն պարզապես անընդունելի է,- ասել է Վիգենինը:- Ես պատրաստվում եմ շարունակել աշխատանքները՝ այս ողբերգական իրականությունը տարածաշրջանի և միջազգային քաղաքական առաջնորդների օրակարգում բարձր պահելու համար: Մենք չենք կարող մեզ թույլ տալ շրջանցել խնդիրը, երբ խոսքը վերաբերում է մարդկային կյանքերի»:

Հատուկ ներկայացուցչի՝ Ադրբեջան կատարած այցը առաջին քայլն է դեպի Հարավային Կովկաս շրջագայության, որը ներառում է նաև Վրաստանն ու Հայաստանը: Հատուկ ներկայացուցիչը պնդել է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, և իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նա կողմերին կոչ է արել դադարեցնել թշնամական հռետորաբանությունը և ճանապարհ հարթել առավել կառուցողական քայլերի համար՝ հանուն խաղաղության:

«Տարածված միտում կա աշխարհում, երբ հակամարտությունների նկատմամբ ուշադրությունն աճում է լուրջ սրացումների դեպքում, բայց խաղաղության հնարավոր չէ հասնել պատահական ջանքերով: Անհրաժեշտ է ամենաբարձր մակարդակով կենտրոնացված ուշադրություն հատկացնել՝ պարտադրելու քաղաքական կամք՝        հանուն հարատև խաղաղության»,- ասել է նա:

Վիգենինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում կազմակերպելուն ուղղված քայլերը՝ ընդգծելով, որ հակամարտության լուծման վերջնական պատասխանատվությունը դրված է երկու երկրների կառավարությունների վրա, իսկ միջազգային մեծ ուշադրությունը կարող է աջակցել խաղաղության ջանքերին:

Վիգենինը տարածաշրջանային այցի վերաբերյալ ԵԱՀԿ ԽՎ-ին զեկույց կներկայացնի հոկտեմբերի 4-ին և կներկայացնի հստակ առաջարկների շրջանակ:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930