Լրահոս
Օրվա լրահոսը

«Որեւէ գլխավոր դատախազ ինչ ծանրության հանցագործություն էլ կատարի, քրեական հետապնդման չի արժանանա». Կոստանյան

Սեպտեմբեր 27,2017 13:27

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը ներկայացրեց «Դատախազության մասին» օրենքի նախագիծը:

Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նախագծում մի շարք խնդիրներ էր նկատել. «Գլխավոր դատախազին ներկայացվող չափանիշները լավ է, որ ընդունել եք: Արդյունքում կստացվեր, որ մեր երկրի լավագույն գլխավոր դատախազները, ինչպիսիք են Հենրիկ Խաչատրյանը երջանկահիշատակ, Արտավազդ Գեւորգյանը, Օսիպով Սուրեն Արտաշեսովիչը, Նազարյան Վոլոդյան իրանցից ոչ ոք գլխավոր դատախազ չէին կարող լինել, ավելին՝ էս նախագծից ստացվում է, որ իրենք անգամ գլխավոր դատախազի տեղակալ չէին կարող լինել, այնինչ այդ մարդկանց շնորհիվ մենք ունենք հիմա գլխավոր դատախազություն»:

Կոստանյանը դժգոհ է նաեւ գլխավոր դատախազի տեղակալի նշանակման կարգավորումից: Գլխավոր դատախազը նշանակում է իր տեղակալին: Տեղակալի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում է գլխավոր դատախազը, իսկ գլխավոր դատախազի նկատմամբ հարուցում է գլխավոր դատախազի տեղակալը. «Այսինքն, ես, որպես գլխավոր դատախազ, եթե նշանակում եմ մեկին ինձ տեղակալ, մենք ակնկալիք ունենք, որ երբեւէ այդ տեղակալը իմ նկատմամբ քրեական հետապնդու՞մ կիրականացնի՝ ոչ, երբեւէ՛: Որեւէ գլխավոր դատախազ երբեք, ինչ ծանրության հանցագործություն էլ կատարի, երբեք քրեական հետապնդման չի արժանանա»:

Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այսօր էլ այդ ռիսկը կա, չկա օրենքում ընդհանրապես, թե ով է քրեական հետապնդում իրականացնելու գլխավոր դատախազի նկատմամբ: Նա ասաց, որ գլխավոր դատախազի տեղակալը գլխավոր դատախազին օգնող է: Կոստանյանը չհամաձայնեց, Գլխավոր դատախազը այսքան տարի կարող է նշանակել ցանկացած դատախազի, բայց ոչ իր տեղակալի, տեղակալին նշանակում էր նախագահը եւ հակակշիռների համակարգ էր ստեղծվել: Նոր նախագծով դա չի երեւում:

Կոստանյանն ասաց, որ գլխավոր դատախազի տեղակալը ամեն պահի կարող է դառնալ գլխավոր դատախազ, սա պետք է հաշվի առնել եւ համապատասխան մարդու ընտրել, ուստի նրա նշանակման հարցը պետք է լինի մրցույթով եւ հրապարակային:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն ընդհանրապես նոր օրենք ընդունելու անհրաժեշտությունը չի տեսնում: Նա հարցրեց գլխավոր դատախազի տեղակալի նշանակման կարգից, ըստ որի, գլխավոր դատախազը նշանակում է դատախազներից իր համար ընդունելի մեկին. «Եթե անձը համապատասխան կրթություն ունի, Որակավորման հանձնաժողովի քննությունն էլ անցել է գլխավոր դատախազի համար ընդունելի անձ, չընդունելի անձը ո՞րն է: Որակավորման քննությունը հանձնել է մարդը, գլխավոր դատախազը կարող է ասել՝ քո մազերի պրիչոսկեն իմ դուրը չի գալիս, անընդունելի ես: Սուբյեկտիվ վարքագիծ դրսեւորելու հայեցողություն է»:

Փոխնախարարն էլ պատասխանեց, որ այդ «ընդունելի անձ» արտահայտությունը նախագծում հանել են: Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը գտնում է, որ գլխավոր դատախազը չպետք է իրբ տեղակալի հարցում կաշկանդված լինի հանձնաժողովի որոշմամբ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին, բայց՝ պայմանով, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ հնչած առաջարկությունները հաշվի կառնվեն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930