Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստակավոր արտիստ Կոնստանտին Օրբելյանի հրավերով առաջին անգամ Երեւանում է ռուս ճանաչված թավջութակահար Ալեքսանդր Կնյազեւը: Նա թատրոնի նվագախմբի ընկերակցությամբ, մաեստրո Օրբելյանի ղեկավարությամբ այսօր օպերային թատրոնում հանդես կգա թավջութակի համար համաշխարհային գրականության ճանաչված ստեղծագործության՝ Դվորժակի կոնցերտի մեկնաբանմամբ:
«Առավոտին» հասած տեղեկություններով՝ ժամանակին (եթե չենք սխալվում՝ երկու-երեք տարի առաջ) երեւանյան համերգի կապակցությամբ թավջութակահարի հետ բանակցությունները անարդյունք մնացին: Մեզ հետ զրույցում այս առիթով Ալեքսանդր Կնյազեւը հիշեց. «Նման բան եղել է: Առանց չափազանցության՝ աշխարհում չկա մի կետ, որտեղ հանդես եկած չլինեմ: Եվ քանի որ գիտեմ, որ ունեք հիանալի կոնսերվատորիա, Երեւանում անցկացվում են դասական երաժշտության բարձրակարգ փառատոներ՝ մասնակցությամբ անվանի շատ երաժիշտների, մտածեցի եւ ինքս դիմեցի Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարությանը: Անկեղծ ասած՝ սա իմ՝ որպես երաժշտի, առաջին քայլն էր, երբ ինքս եմ ինձ «մատուցում»: Բայց չնայած հյուրախաղային գրաֆիկս կազմվում է 2-3 տարի առաջ եւ մեծ ցանկություն ունեի հանդես գալ հայաստանցի խստապահանջ հանդիսատեսի առջեւ, որի մասին տասնամյակներ շարունակ եմ լսել, այդպես էլ չկայացավ»: Հետո էլ ժպիտով կեսկատակ-կեսլուրջ հավելեց. «Այդ մեկ անգամն էր, որ ինքս ինձ փաստորեն «մատուցեցի»: Այլեւս նման բան չի կրկնվի»: Նրա խոսքերով՝ «Այժմ Երեւանում եմ բարեկամիս՝ բարձրարվեստ դիրիժորի՝ Օրբելյանի հրավերով»:
Մինչ օրս մեր երաժշտական աշխարհին միայն հեռակա ծանոթ թավջութակահարն ասաց, որ իր բեմական-ստեղծագործական կարիերան սկսվել է 17 տարեկանում՝ 1978 թվականից, իսկ աշխարհում՝ 39 տարեկանից: Տարբեր ժամանակներում բեմում նրա գործընկերներն են եղել անվանի այնպիսի երաժիշտներ, ինչպիսիք են Սպիվակովը, Վոսկրեսենսկին, Մոնիգետտին, Բաշմետը, դիրիժորներ Ֆեդոսեեւը, Տեմիրկանովը, Սվետլանովը, Կիտայենկոն, Հոֆմանը եւ ուրիշներ: Նա այն եզակի թավջութակահարն է, որը ժամանակին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում (2000թ.) մեկ երեկոյի ընթացքում հանդես է եկել Բախի՝ թավջութակի համար գրված 6 սյուիտի կատարմամբ: Արտասահմանյան մամուլը Կնյազեւի ստեղծագործական նվաճումների թվում է դասում ոչ միայն սա, այլեւ Բախի՝ ջութակի համար գրված հանրահայտ «Չակոնայի» փոխադրումը թավջութակի համար եւ դրա վիրտուոզ մեկնաբանումը, Ֆրանսիայում Ռեգերի թավջութակի եւ դաշնամուրի համար գրված բոլոր սոնատների կատարումը մեր հայրենակից Էդուարդ Հովհաննեսյանի հետ: Նշվում է նաեւ նրա կատարումներով թողարկված երեք տասնյակ CD-ները՝ Բախի, Շումանի, Բրամսի, Շոպենի, Ռեգերի ստեղծագործություններով, ինչպես նաեւ մի քանի ստեղծագործությունների փոխադրումները թավջութակի համար, այդ թվում՝ Բեթհովենի ջութակի եւ դաշնամուրի 5-րդ սոնատը, Բրամսի «Սկերցոն» եւ այլն, ինչպես նաեւ երաժշտի վարած վարպետության դասերը աշխարհով մեկ:
Բուռն համերգային կյանքով ապրող Ալեքսանդր Կնյազեւը ցանկալի հյուր է միջազգային երաժշտական այնպիսի փառատոների, ինչպիսիք են Ռումինիայում Էնեսկուի անվան, ռուսաստանյան «Մոսկովյան աստղեր», «Դեկտեմբերյան երեկոներ», Ֆրանսիայում անցկացվող անվանի թավջութակահար Ժակլին դը Պրեի հիշատակին ավանդաբար անցկացվող միջոցառումները եւ այլն:
Հետաքրքրությանը, թե իր անունը հոլովվում է նաեւ իբրեւ երգեհոնահար, մեր զրուցակիցը հաստատելով ասաց, որ իսկապես 3 օր առաջ է Ֆրանսիայում հանդես եկել իբրեւ երգեհոնահար: Հատուկ նշեց նաեւ, որ տարբեր առիթներով հաճախ են իրեն հրավիրում Խաչատրյանի Ռապսոդիայի կատարման համար, օրինակ՝ վերջին անգամ կոմպոզիտորի ծննդյան 110-ամյա հոբելյանի կապակցությամբ կատարել է այն Ֆեդոսեեւի ղեկավարությամբ:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2017