Լրահոս
Օրվա լրահոսը

Կիբերանվտանգության դեմ համակարգված պայքար չենք տանում (Տեսանյութ)

Սեպտեմբեր 27,2017 13:12

Կիբերանվտանգության դեմ պայքարում Հայաստանում չկա համակարգված պայքար: Այսօր այս մասին ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նա մասնակցում էր ԱրմԹեք 17 բարձր տեխնոլոգիաների ոլորտի գործարար համաժողովին: Այս տարի միջոցառումը կիբերանվտանգության թեմայով է: Պարոն Մարտիրոսյանի խոսքով, պետական հատվածը ԱԱԾ-ն է պաշտպանում, Կենտրոնական բանկը բանկերին է պարտադրում ինչ-որ կանոնների հետեւել, հավաստագիր ունենալ եւ այլն: Օրենսդրական դաշտում էլ, ըստ պարոն Մարտիրոսյանի խնդիրներ կան. «Կրթական համակարգ չի մտել կիբերանվտանգությունը, իսկ դա հայտնի վիճակագրական փաստ է, որ հարձակումների գերակշիռ մասից կարելի էր խուսափել, եթե մարդիկ տարրական գիտելիքներ ունենային»:

Սամվել Մարտիրոսյանի խոսքով, մեր երկրում կիբերհանցագործությունների վերաբերյալ ստույգ վիճակագրություն չկա, քանի որ շատերը կիբերհանցագործների հարձակումների ենթարկվելիս չեն էլ դիմում ոստիկանություն. «Մարդիկ համարում են, որ կիբերհանցագործությունը վերացական ինչ-որ մի բան է, դրա համար Հայաստանի դեպքում մենք նույնիսկ ունենք խնդիր հասկանալու որքանով է իրավիճակը վատ»:

Հակառակ Սամվել Մարտիրոսյանի պնդումներին, տրանսպորտի, կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գտնում է, որ մեր երկիրը գրեթե 90 տոկոսով պաշտպանված է կիբերհանցագործների հարձակումներից:

Aravot.am-ի հարցին, թե ոլորտի մասնագետները նշում են, որ հանցագործության այս տեսակի դեմ համակարգված պայքար չենք տանում, որ օրենսդրական բացեր կան, նախարար Մարտիրոսյանը պատասխանեց. «Կիբերանվտանգության հայեցակարգը պատրաստ է, ռազմավարությունը մշակվում է, համակարգված պայքար տարվում է եւ վստահ եղեք, որ պաշտպանված ենք»:

Համաժողովի բացմանը ներկա վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ այս ոլորտում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել եւ ունի ներուժ` տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար դառնալու:

Ըստ վարչապետի 2008-2016 թվականների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, սակայն Կարեն Կարապետյանը կարծում է, որ այդ աճը մեզ չպետք է հանգստացնի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930