Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Իսպիրյան. «Եթե բատուտի տերերն են որոշում քաղաքի ճակատագիրը, քաղաքապետարանն այդ դեպքում ի՞նչ է անում». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 27,2017 12:50

«Ժողովուրդ»-ը  երեւանյան  խնդիրների, մայրաքաղաքի դիմագիծը կորցնելու, նրան սպառնացող վտանգների մասին զրուցել է երգիչ, երգահան Արթուր Իսպիրյանի հետ, որը ավագանու նախորդ  ընտրություններում  ընդգրկված էր «Բարեւ Երեւան» դաշինքում։

– Պարոն Իսպիրյան, վերջերս ֆեյսբուքյան Ձեր էջում լուսանկար էիք հրապարակել, որտեղ պարզ երեւում էր, թե Երեւանի օպերային թատրոնի տարածքը որքան աղտոտված է։ Այս հարցով քաղաքապետարան դիմե՞լ եք։

– Բայց ինչո՞ւ քաղաքապետարանը չպետք է տեսնի այդ ամենը, ես տեսնեմ։ Կամ ավագանին ինչո՞ւ չպետք է տեսնի այդ խոզությունը։ Ինչո՞վ են զբաղված թաղապետարանների հարյուրավոր աշխատակիցները։ Պարզապես պետք է մի փոքր սրտացավ լինել։ Փնթիություններն ամենուր են, չարչիությունն էլ իր հերթին չենք կարողանում մեր քաղաքից վերացնել։ Գնացե՛ք, տեսե՛ք, թե Օղակաձեւ այգում ինչպես է ամեն մեկն իր սրճարանը կառուցել, ամեն մեկին թվում է, թե տարածքն իր սեփականությունն է, ինչ կուզի՝ կանի։ Բայց այդ եւ մյուս կառույցների տերերին թույլատրել են, չէ՞, որ իրենք էլ սարքել են։ Այդ թույլատրողի ձեռքն է պետք բռնել։ Կամերային երաժշտության տան կողքն էլ դարձել է մեքենաների կայանատեղի, դա էլ է լուրջ խախտում։

– Օպերային թատրոնի տարածքում աչքի են զարնում նաեւ բատուտը, տարբեր խաղեր, հեծանիվներն ու երեխաների համար նախատեսված մեքենաները։ Արդյոք այս ամենը չե՞ն աղարտում մշակութային միջավայրը։

– Դա խայտառակություն է։ Նույն իրավիճակը «Պապլավոկի» այգում է։ Բայց դա հո զվարճանքի տեղ չէ՞, դա նախատեսված է զբոսնելու համար։ Օպերային թատրոնի տարածքում էլ այդ թափթփված վիճակը պետք է մաքրվի։ Եթե բատուտի տերերն են որոշում քաղաքի ճակատագիրը, քաղաքապետարանն այդ դեպքում ի՞նչ է անում։ Այդ ճանապարհով գնալով՝ ո՞նց կարելի է խոսել տուրիզմի զարգացման մասին։

Կցանկանայի անդրադառնալ նաեւ Օպերային թատրոնի տարածքում գործող ռեստորանների շրջակայքի փնթի վիճակի մասին։ Այդ օբյեկտների տերերը հազարավոր դոլարներ են աշխատում, բայց մեկի մտքով չի անցնում իր շրջակայքը մաքրել, հակառակը՝ մի բան էլ ծխում են եւ ծխախոտը գցում գետնին։ Օպերային թատրոնի շրջակայքի մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ նաեւ Հովհաննես Թումանյանի արձանի վիճակին։ Դրա վերեւի մասից քարերը պոկվում-ընկնում են։ Մեկի մտքով չի անցնում՝ արձանին տիրություն անի։

Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930