Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ ենք հանում, ո՛չ, անընդունելի՛ է». Կոստանյանը՝ նոր օրենքի մասին

Սեպտեմբեր 27,2017 12:37

Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Դատախազության մասին» օրենքի նախագիծը:

Նա ասաց, որ այս նախագծով գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները, նշանակման կարգն է սահմանվել: Գլխավոր դատախազի տեղակալի նշակման հարցն է լուծվել: Գործող օրենքով նախատեսում էր, որ գլխավոր դատախազի տեղակալին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում է ՀՀ նախագահը: Նոր նախագծով նախատեսվում է, որ կամ գլխավոր դատախազը դատախազներից համապատասխան կոլեգիայի եզրակացության հիման վրա նշանակում է տեղակալ, իսկ եթե ոչ, ապա անցկացվում է մրցույթ եւ որակավորման հանձնաժողովի եզրակացությամբ մրցույթը հաղթահարած մասնակիցներից մեկին գլխավոր դատախազը նշանակում է տեղակալ:

Նաեւ փոփոխություններ են արվել Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների հատուկ խմբի եզրակացության հիման վրա. «ԳՐԵԿՈ-ն նշել էր, որ էթիկայի հանձնաժողովում հիմնականում պետք է լինեն դատախազներ, դատախազության համակարգից դուրս անդամներ չպետք է լինեն, իսկ գործող օրենքով նշվում էր, որ 4 իրավաբան գիտնական էթիկայի հանձնաժողովում նախագահի կողմից են ներգրավում: Հիմա նոր օրենքում ամրագրվում է, որ բոլոր անդամները դատախազությունից պետք է լինեն»:

Գործող օրենքով, Որակավորման հանձնաժողովի բոլոր անդամներին գլխավոր դատախազն էր նշանակում, նոր նախագծով Որակավորման հանձնաժողովում լինելու է նաեւ Արդարադատության ակադեմիայի ռեկտորը, համակարգում ընտրվելու են նաեւ որոշ ներկայացուցիչներ: 9 անդամներից մեկը ռեկտորն է լինելու, մնացածը նշանակվում են՝ 3 իրավաբան գիտնական, 4 դատախազ եւ մեկ դատախազի տեղակալ:

Նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանը մի շարք դիտողություններ ներկայացրեց. «Նախագծով սահմանվում է՝ գլխավոր դատախազի լիազորությունները կարող են դադարեցվել երկու դեպքում՝ եթե ինքը խախտել է օրենքը եւ եթե խախտել է էթիկայի կանոնները: Մտահոգությունները փարատելու համար մենք հիմա հանում ենք՝ եթե խախտել է օրենքը արտահայտությունը եւ ստացվում է, որ գլխավոր դատախազը կարող է մեկի հետ կոպիտ խոսել, մենք ասում ենք՝ այ, արի մենք հիմա քեզ գործից ազատում ենք, բայց եթե օրենք խախտի, ապօրինի որոշում կայացնի՝ ոչ մի բան չենք անելու: Այսինքն, մենք ունքը ուղղելու փոխարեն աչքն էլ ենք հանում, ո՛չ, անընդունելի՛ է»:

Կոստանյանն ասաց, որ դատավորների հետ կապված «Դատական օրենսգրքում» կա, որ պաշտոնանկության հարց կարող է առաջանալ, եթե կոպիտ, չարամիտ խախտման մասին է խոսքը, օրենքն էլ հստակ սահմանում է որն է չարամիտը, որը՝ կոպիտը: Եթե մենք գլխավոր դատախազին պատրաստ ենք պաշտոնից ազատել, որովհետեւ ինքը մեկի հետ կոպիտ է խոսացել, բայց չենք կարող ազատել, որովհետեւ կոպիտ, չարամիտ խախտում է օրենքը, ես չեմ կարծում, որ մենք նման գլխավոր դատախազ ուզում ենք ունենալ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930