Կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Սեպտեմբերի 26-ին, մեր տարիներով նախապատրաստված, փայփայած սեպտեմբերի 29-ի «ՄԱՇՏՈՑ ԿՈՄԻՏԱՍ» համերգը Զվարթնոցում հանված է՝ չի կայանա։
Երկու օր առաջ ինձ զանգահարում է Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ից պատասխանատու անձ և մի տեսակ լարված հայտարարում, որ իրենց տարածքում ես կազմակերպում եմ համերգ, ես ուղղորդում եմ նրան համերգի կազմակերպչի հասցեով։ Հաջորդ օրը կազմակերպչից տեղեկանում եմ, որ համերգը տեղի չի ունենա։ Հետևություններ չեմ ուզում անել, էլ սիրտ չունեմ՝ ամենը պարզից պարզ է»:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինն այս առնչությամբ պարզաբանում է. «Ընդամենը միայն գովազդից տեղեկանալով, որ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց թանգարանի տարածքում սեպտեմբերի 29-ին համերգ է նախատեսված, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզան Սարգսյանը զանգահարել է Վահան Արծրունուն՝ տեղեկացնելու, որ հուշարձանի տարածքում նման միջոցառում անցկացնելու մասին ո′չ պայմանագիր կա կնքված, և ո′չ էլ ՊՈԱԿ-ը տեղեկացված է։
Արծրունին նրան խորհուրդ է տվել դիմել համերգի կազմակերպիչ «Շարմ» հոլդինգին՝ ասելով, որ ինքն ընդամենը հրավիրված է։
Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանն այս զրույցից հետո զանգահարել է «Շարմի» ֆինանսական տնօրենին։ Վերջինս նրան տեղեկացրել է, որ իրենք տեղափոխել են համերգի օրը։
Ամեն դեպքում, որևէ պայմանագիր մինչ օրս կնքված չէ։ Իսկ պայմանագիրը նաև ենթադրում է ծառայությունների մատուցում՝ անվտանգության, էլեկտրաէներգիայի ապահովում, աշխատակիցների ներկայություն, համերգների համար անհրաժեշտ այլ պարագաներ»: