Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե իշխանությունները պատրաստ չեն անգամ երկրի զարգացման այլընտրանքային տարբերակների քննարկմանը, ապա… «Ժամանակ»

Սեպտեմբեր 27,2017 12:13

Սերժ Սարգսյանը կամ Հայաստանի իշխանության որևէ ներկայացուցիչ հարկ չունեն Մոսկվայի առաջ արդարանալու «Ելքի» նախաձեռնության համար, հակառակը՝ Մոսկվային անհրաժեշտ է հասկացնել, որ իր չարդարացված, կայսերական քաղաքականությունը Հայաստանում դարձել է ընդդիմության նախաձեռնության հիմնական մոտիվը: Այլ կերպ ասած՝ իշխանությունը պետք է օգտագործի ընդդիմության այս նախաձեռնությունը Մոսկվայից զիջումներ կորզելու նպատակով: Ընդ որում, խոսքը ոչ թե տակտիկական մեկ-երկու խնդրում փոքր զիջումների, այլ գլոբալ առումով Հայաստանի հանդեպ Ռուսաստանի քաղաքականության վերանայման մասին է:

Սակայն գրեթե վստահ ենք, որ Հայաստանի իշխանությունները գնում են տրամագծորեն հակառակ ճանապարհով՝ Մոսկվայի առաջ արդարանալով, թե որևէ առնչություն չունեն «Ելք»-ի նախաձեռնության հետ, ավելին՝ դրա պաշտոնական շրջանառությունից հետո Սերժ Սարգսյանի շրջապատը, Հայաստանի դիրքերն ամրապնդելու փոխարեն, փորձել է հետևողականորեն սիրաշահել Մոսկվային: Ստալինյան բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսի փակումը, ռուսաց լեզվի հայեցակարգը ասվածի լավագույն ապացույցներն են:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը Մոսկվայից ստացել է ԵՄ-ի հետ աշնանը շրջանակային նոր համաձայնագիրը ստորագրելու քաղաքական համաձայնությունը և թերևս համարում է, որ սա առավելագույնն է, ինչն այս պահին կարելի է պոկել Պուտինից:

Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ապա այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բացասական եզրակացություն է տալու անգամ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Իհարկե, սա շատ վատ մեսիջ է ԵՄ-ի հետ նոր համաձայնագրի ստեղծման նախաշեմին, որովհետև եթե իշխանությունները պատրաստ չեն անգամ երկրի զարգացման այլընտրանքային տարբերակների քննարկմանը, ապա Բրյուսելի հետ բովանդակությամբ համեստ փաստաթղթի ստորագրումը սկզբունքորեն չի կարող նպաստել Հայաստանի եվրաինտեգրմանը կամ երկրում համակարգային բարեփոխումների իրականացմանը:

Պարզ է, որ որոշակի ժամանակ է պետք, որպեսզի ԵՏՄ-ում Հայաստանի անդամության չեղարկման գաղափարն ունենա սոցիալական բազա, երկրի զարգացման հարցը դառնա հանրային քննարկումների թեմա: Թերևս հենց այս նպատակով է «Ելք»-ը շրջանառու դարձրել ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման գաղափարը: Ըստ ամենայնի, իշխանությունները մտադիր չեն ընդդիմությանը տալ այդ ժամանակը, և հանձնաժողովի այսօրվա քվեարկությամբ հանրապետական մեծամասնությունն, ըստ էության, իր հավատարմությունը կհայտնի Կրեմլին:

 

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930