Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների հետ խոտ, թեյ են խառնել եւ փչացրել ոստիկանության փորձագիտական լաբորատորիան. Հունան Պողոսյան

Սեպտեմբեր 27,2017 11:36

Փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն այսօր Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների (նախանյութերի) նմուշների հանձնման կարգի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը:

Նա քննարկման ժամանակ հետաքրքիր տեղեկություններ հաղորդեց պրակտիկ աշխատանքից. «Մի քանի դեպք ունենք մեր աշխատանքից՝ երբ որ թմրամիջոցների մի խմբաքանակ առգրավում ենք, հասկանում ենք, որ մեր տեղացի մի քանի, այսպես ասած, «քիմիկոսները» նույնիսկ սիրողական մակարդակով բերում են եւ մի այլ բաղադրություն են խառնում՝ կոսմետիկական որեւէ նյութ, կամ խոտի ինչ-որ տեսակ, նույնիսկ թեյ են խառնել եւ ստացվում է այլ բան: Մեր փորձագիտական համապատասխան լաբորատորիան փորձաքննություն իրականացնելիս փչանում է: Լուրջ սարքեր ունենք, որոնք լուրջ փչանում են եւ դրանք վերականգնելու համար դիմում ենք մեր գործընկերներին, վերջին անգամ դիմել ենք ՌԴ-ի եւ Չինաստանի մեր գործընկերներին»:

Հունան Պողոսյանն ասաց, որ համաձայնագիրը կօգնի, մեզ ձեռնտու է բոլոր իմաստներով. «ՀԱՊԿ-ում Բելառուսը, ՌԴ-ն լավ դիրքերում են: Միջինասիական հանրապետություններում չարիք է դարձել թմրամիջոցների տարածումը, հատկապես այն երկրները, որոնք սահմանակից են Աֆղանստանին, մեր երկիրն էլ տարանցիկ կարող է լինել: Որքան դեպքեր կան, որ մենք չենք հայտնաբերում, երեւի թե օպերատիվ հմտությունները բավարար չեն»:

Փոխոստիկանապետը նշեց, որ հայտնաբերված դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ մեծ խմբաքանակները, որպես կանոն, գալիս են՝ հետագայում տարանցիկ ճանապարհով անցնելու եւ այլ երկրներ տեղափոխելու համար. «Մեր շուկան իրենց բացարձակ չի հետաքրքրում: Գիտեք, խնդիր է սինթետիկ թմրամիջոցները, մասնավորապես, «սպայս» կոչվածը»:

Համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ հանձնաժողովում եւ առաջիկա քառօրյայում կքննարկվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930