Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Դատական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծ, որի համահեղինակներն են նաեւ Էդմոն Մարուքյանը, Գեւորգ Պետրոսյանը եւ Շուշան Սարդարյանը:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ «Դատական օրենսգրքում» նախատեսված կարգավորում կա, որի համաձայն՝ դատարանի նախագահները, Արդարադատության խորհրդի կամ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի կամ ուսումնական հարցերի հանձնաժողովի անդամ հանդիսացող դատավորներն օգտվում են գործերի մակագրման արտոնությունից. «Կան դատավորներ, որոնք ունեն 90-95 տոկոս արտոնություններ, նրանց մակագրվում է տվյալ դատարան մուտք արվող գործերի 5 տոկոսը, 10 տոկոսը»:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ չի անհատականացնի, թե այդ արտոնյալ դատավորները ովքեր են, որ դատարանի որ դատավորներն են, բայց կա դատարանի նախագահ, որին թվագրված է 35 գործ, նույն դատարանի այլ դատավորի թվագրված է 1069 գործ: Կա քաղաքացիական գործեր քննող դատավոր, որին հանձնվում է պաշտոնական տվյալներով 1029 գործ եւ նա քննում է նաեւ 333 միջդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործ, այսինք՝ հեռախոսային խոսակցություններ լսել, միջնորդություններ եւ այլն, դրան զուգահեռ կա քրեական գործ քննող դատավոր՝ 85 գործ են տվել: Թվերի անհամապատասխանությունն ակնառու է:
Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է որոշի, թե որ դատարանի նախագահը պետք է արտոնություն ունենա, ինչքան ունենա, ինչքան չունենա, ոչ թե իրենք իրենց նստեն որոշեն եւ բոլորը գոհ ու երջանիկ լինեն: Նրա խոսքերով՝ «Արդարադատության որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Դատավորների 10-12 տոկոսը օգտվում են սրանից: Ասում ենք, թե ունենք դատավորների պակաս, բայց ունենք այսպիսի պատկեր նաեւ»:
Կառավարությունը եզրակացություն է տվել եւ 25 տոկոս սահմանված արտոնությունը առաջարկում է իջեցնել 5 տոկոսի:
Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն ասաց, որ դատավորները ձեռքով գործեր են մակագրում, հանձնարարություններ են տալիս, ուստի պետք է նաեւ դա էլեկտրոնայնացվի, որ երեւա:
Ըստ նախկին գլխավոր դատախազ, ՀՀԿ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի, այս հարցը պետք է ավելի խորը լուծում ստանա՝ գործ կա, որի ծավալն այնքան մեծ է, որ դժվար է չափել, քրեական գործ կա 400 հատոր ունի, բազմաթիվ տուժողներ, ինչպե՞ս դա համեմատես այլ քրեական գործի հետ: Ըստ նրա, մինչեւ օրենքը մտնի օրակարգ, քննարկվի, արդեն Սահմանադրական բարեփոխումներից բխող Դատական նոր օրենսգիրք պիտի գա ԱԺ, ինչքանո՞վ է նպատակահարմար սա հիմա ընդունել. «Օրենքին կողմ եմ, բայց սա չի լուծում ինձ համար մտահոգող բոլոր հարցերը, եկեք ավելի կոնցեպտուալ լուծենք»:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը առաջարկեց դրական եզրակացություն տալ օրենսգրքին:
Հանձնաժողովը քվեարկեց եւ նախաձեռնությունը դրական եզրակացություն ստացավ, բայց այն առայժմ քառօրյայի օրակարգ չի մտնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ