ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի համասեփականատեր Հակոբ Հակոբյանը վստահեցնում է, որ պատգամավորական մանդատն իրեն չի խանգարել ճիշտը խոսելու, եւ ինքը միշտ էլ անկաշկանդ է եղել՝ անկախ կարգավիճակից։ Ու այդ «անկաշկանդ» դիրքերից էլ գնահատական տալով ներկայիս տնտեսական վիճակի մասին՝ նախ խոսեց իր բիզնեսից՝ նշելով, որ «իր բիզնեսը, այդ թվում եւ մի քանի ճյուղ ունենք բիզնեսում, հիմնականում դանդաղ, բայց գնում են առաջ»։
– Վարչապետի եւ նրա ձեւավորած կառավարության մեկ տարին լրացավ։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ մեկ տարվա գործունեությունը։
– Դրական։ Բնականաբար, եթե ասում եմ, որ բիզնեսն առաջ է գնում դանդաղ տեմպերով, էդտեղ մեր կառավարությունն իր դերն ունի։ Եվ ցանկացած կառավարություն որ լինի, իր ներդրումը բիզնեսում կունենա։
– Բայց ցանկացած կառավարության աշխատանքի արդյունքում նաեւ Հայաստանում տնտեսական անկումներ են գրանցվում, առնվազն լուրջ հաջողություններ չեն գրանցվում։
– Տնտեսական աճի մասին կամ ոչ աճի մասին էն մարդիկ կարող են ասել, ովքեր տիրապետում են դրան, թե չէ պատերի տակի խոսակցություններ ինչքան ասես՝ լսում ենք։ Գիտե՞ք ինչ կա, հեշտ չէ այսօր աճ ապահովել։ Մենք ոչ մի անգամ հաշվի չենք առնում, որ պատերազմի մեջ երկիր ենք։ Եթե մենք դա խորությամբ ուսումնասիրենք, կտեսնենք, որ այդ հարցում ընդհանուր վատ չէ։
– Դուք ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր՝ որպես գործարար, որ այս կառավարությունը չի կարողանում լուծել։
– Չէ, պատկերացրեք, որ թե՛ նախկինում, թե՛ հիմա ինչ հարց որ իմ մեջ եղել է, ես բարձրացրել եմ, ու հիմնականում դրական լուծում ստացել են։ Կոնկրետ հիմա նախաձեռնել են քննարկումներ Ազգային ժողովում, որ ներմուծվող հումքը եւ սարքավորումներն ազատվեն ԱԱՀ-ից։ Դա մեծ օգնություն է բիզնեսին։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում