Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատականության «Այլընտրանքը»

Սեպտեմբեր 27,2017 10:00

Քանի որ Հայաստանում որեւէ հետաքրքիր բան տեղի չի ունենում` չհաշված գեղեցկության մրցույթը (երբ հաղթող աղջկան սկզբից թագը տվեցին, հետո ձեռքից առան), անդրադառնանք եւս մի միջազգային թեմայի` Գերմանիայում կայացած ընտրություններին: Չնայած Անգելա Մերկելը կրկին դարձել է վարչապետ, եւ նրա` Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցությունը հարաբերական մեծամասնություն է ստացել Բունդեսթագում, սակայն թե՛ այս եւ թե՛ մնացած «ավանդական» կուսակցություններն առնվազն մտածելու բան ունեն: Իհարկե, առաջին հերթին Քրիստոնյա-դեմոկրատները եւ Սոցիալ-դեմոկրատները, որոնք տասնամյակներ շարունակ կազմում էին Գերմանիայի քաղաքական համակարգի առանցքը, իսկ այս ընտրություններում կորցրին համապատասխանաբար 65 եւ 40 տեղ խորհրդարանում` նախորդ ընտրությունների համեմատ:

Իսկ ամենամտահոգիչը ավանդական արեւմտյան՝ ազատական մտածողության ունեցող մարդկանց համար «Այլընտրանք Գերմանիայի համար» ծայրահեղ աջ ազգայնական կուսակցության, կարելի է ասել, շռնդալից հաջողությունն է: Այդ կուսակցությունը միանգամից ստացավ 94 տեղ 709 տեղանոց Բունդեսթագում՝ արժանանալով ընտրողների 12,6 տոկոսի վստահությանը: Այդ կուսակցության գլխավոր խաղաքարտն է միգրանտների առատությունն այս երկրում, այդ մարդկանց մի մասի, մեղմ ասած, «ոչ եվրոպական» վարքը եւ որպես այդ ամենի հետեւանք՝ գերմանացիների հիասթափությունը ազատական արժեքներից, «բազմամշակութային» մոտեցումներից, հանդուրժողականությունից եւ լայնախոհությունից: Շարքային գերմանացիներից շատերը (կարծում եմ՝ ավելի շատ, քան 12,6 տոկոսը) ցանկանում են ազատվել թե՛ վերոհիշյալ արժեքներից եւ թե՛ բուն միգրանտներից:

Մնացածը դետալներ են, թեեւ՝ բավականին պերճախոս: Կուսակցության առաջնորդներից մեկը՝ 76-ամյա Ալեքսանդր Գաուլանդը, «հարգանքով է վերաբերվում» նացիստների «նվաճումներին»: Նա կոչ է անում վերացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները եւ ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս: Այդ երկու «ուղղությունների» միջեւ առանձնապես հակասություն չկա՝ գերմանացի նացիոնալ-սոցիալիստների եւ խորհրդային բոլշեւիկների ջրերը որոշ ժամանակ «մի առվով էին գնում»:

Բայց իրականում խնդիրը, կարծում եմ, «Այլընտրանքի» «ռուսամետության» մեջ չէ: Խնդիրը, կարծում եմ, ավելի շուտ ամերիկացիներին հակադրվելն է, որովհետեւ գերմանական հասարակության մի մասը վստահ է, որ միգրացիոն քաղաքականությունը, ազատական արժեքները եւ ռուսների հետ գժտվելը պարտադրանք է, որը գալիս է օվկիանոսի այն կողմից: Ո՞վ կասի, որ այդ տեսակետն ամբողջությամբ հիմնազուրկ է:

«Այլընտրանքը» հանդես է գալիս մեզ՝ հայաստանցիներիս, շատ ծանոթ կոչով՝ «իշխանությունը վերադարձնենք ժողովրդին». այնտեղ էլ, պարզվում է, իշխանությունը ժողովրդին չի պատկանում: Եվ այդ առիթով հիշեցի մի խոսակցություն. տարիներ առաջ գերմանացի մի քաղաքական գործիչ մասնավոր զրույցում ինձ ասաց. «Իզուր էլ բողոքում եք Կրեմլի կայսերապաշտական հավակնություններից: Դուք՝ հայերդ, ավելի քիչ եք կախված Ռուսաստանից, քան մենք` գերմանացիներս, ԱՄՆ-ից»: Ասողն, ի դեպ, սոցիալ-դեմոկրատ էր: Հաստատ Հիտլերի երկրպագուն չէր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    ‘միգրանտը’ հայերէն չէ: Գեղեցիկ բառ ունենք՝ ՆԵՐԳԱՂԹԵԱԼ:
    ‘դետալ’-ի փոխարէն ՄԱՆՐՈՒՔ չէ՞ր լինի:

    Աստուածաշնչում այսպիսի տող կայ. «Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ’աղուի»:

    Ինչու եմ սա ասում. դուք յայտնի լրագրող էք, ձեր խօսքին շատերն են հետեւում: Դուք ճաշակ թելադրող էք, ուստի աւելի բծախնդիր պիտի լինէք նման հարցերում:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Շնորհակալ եմ, սկբունքերոն համաձայն եմ: Բայց «ներգաղթյալ» բառն այս համատեքստում կարող է եւ չհասկացվի, իսկ «դետալն» ու «մանրուքը», իմ կարծիքով, նույնը չեն. «մանրուքը» ռուսերեն «мелочь»-ն է, իսկ «դետալը» մի մեծ մեխանիզմի մասն է: Բոլոր դեպքերում շնորհակալ եմ մեկնաբանության համար, որն ուղղված է տեքստը լավացնելուն:

      • Artur Lazarian says:

        Իմ նշած տարբերակները ճշգրիտ թարգմանութիւններ չէին։
        «դետալի» դէպքում բառի ընտրութեան առաջարկութիւն էր, իսկ «միգրանտի» պարագայում, մնում եմ իմ նախորդ կարծիքին՝ ՆԵՐԳԱՂԹԵԱԼ-ն ամենայարմար տարբերակն է։

        Սիրիական ճգնաժամով պայմանաւորուած՝ աշխարհում նկատւում է գաղթ՝ միգրացիա։

        Իսկ Գերմանիային այս համատեքստում հետաքրքրում է դէպի իրենց երկիր ներգաղթը եւ ներգաղթեալները։

        Ինչեւէ, ձեզ էլ շնորհակալութիւն արձագանքի համար եւ հաճելի երեկոյ ?

  2. Araqel says:

    « Դուք՝ հայերդ, ավելի քիչ եք կախված Ռուսաստանից, քան մենք` գերմանացիներս, ԱՄՆ-ից»:

    Գործից հասկացող մարդ է եղել

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930