Լրահոս
Օրվա լրահոսը

Որդուս բեմական տաղանդն ապացուցող փաստերը, խնդրագրերը մերժվեցին

Սեպտեմբեր 27,2017 14:30

Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

Անցնելով բոլոր պատկան ատյաններով և մերժվելով բոլորի կողմից՝ որոշեցի Ձեզ դիմել՝ հույսով, որ միայն Ձեր միջամտությունը կարող է վերջ դնել  խտրական վերաբերմունքին, որն առկա է ՀՀ պաշտպանության նախարարությունում։ Որդիս՝ Դանիել Մայիլյանը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ ու խոստումնալից բալետի արտիստներից է։ Չնայած երիտասարդ տարիքին՝ նա հանդես է եկել 300-ից ավելի միջազգային փառատոներում, մրցույթներում ու բեմադրություններում։ Բեմարվեստի մեծանուն մասնագետներ՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռ. Խառատյանը և ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հ. Թադևոսյանը բազում առիթներով բարձր են գնահատել նրա բեմական տաղանդը։

Մայիսի 29-ին նա հաջողությամբ հանդես եկավ նաև Շառլ Ազնավուրին նվիրված «Լա Բոհեմ» բալետային ներկայացմանը։ Ս.թ. հուլիսի 24-ին ընդհանուր հիմունքներով որդուս զորակոչեցին ՀՀ Զինված ուժերի ժամկետային ծառայության։ Նախքան զորակոչը՝ ես ու պարոն Խառատյանը դիմել էինք պաշտպանության նախարարություն, որպեսզի իմ որդուն թույլ տային պարտադիր զինվորական ծառայությունն անցներ Երևանի Քանաքեռի գնդում, որտեղ ծառայում են մյուս պրոֆեսիոնալ պարողները։ Միայն այդ դեպքում Դանիելը կկարողանար պահպանել իր պարային ֆիզիկական վիճակը, որը խիստ կարևոր է բալետում նրա ապագա կարիերայի համար։ Ձեզ քաջ հայտնի է, որ բալետային պարարվեստը պահանջում է երկար տարիների անմնացորդ նվիրում։ Նա 8 տարի հետևողականորեն սերտել է բեմարվեստի գաղտնիքները։ Ավելին, բալետը վերցնելով հատուկ հոգածության ներքո, պետությունը տարիներ շարունակ գումարներ է ծախսել, որպեսզի որդիս դառնա լավ մասնագետ։ Որդիս հավատացել է, որ ոչինչ չի կարող նրան խոչընդոտել, որպեսզի նա անմնացորդ նվիրվի բալետին։ Մինչդեռ ՊՆ-ին ուղղված մեր բոլոր դիմումները, որդուս բեմական տաղանդն ապացուցող փաստերը, խնդրագրերը մերժվեցին։ Խնդիրն ավելի ցավալի է, երբ հայտնի դարձավ, որ բեմի որոշ արտիստների թույլ տվեցին ծառայել Քանաքեռի գնդում, մինչդեռ իմ որդուն մերժեցին՝ պատճառաբանությամբ, որ նա ունի «միայն բալետային արվեստի որակական ու մասնագիտական հատկանիշներ»։

Հաշվի առնելով այս ամենը՝ թախանձագին խնդրում եմ Ձեզ թույլ տալ, որ իմ որդին պարտադիր զինվորական ծառայությունն անցնի Երևանի զորամասերից մեկում։ Միայն այդ դեպքում Դանիելը կկարողանա պահպանել իր պարային ֆիզիկական վիճակը, որը խիստ կարևոր է բալետում։ Որպես մայր, որը միայնակ է զբաղվել որդուս դաստիակությամբ, հավաստիացնում եմ Ձեզ, որ նա դաստիարակված, կարգապահ և հայրենասեր տղա է և այսպես թե այնպես պատրաստ է իր սուրբ պարտքը կատարել մեր հայրենիքի առաջ՝ յուրացնելով ռազմական արվեստը, որտեղ էլ դա լինի։ Որպես բալետի նախկին պարուհի, ով 20 տարի շարունակ մատաղ սերնդին է փոխանցել բեմարվեստի գաղտնիքները, հավաստիացնում եմ Ձեզ, որ որդիս անկարող կլինի բեմ բարձրանալ, եթե ամենօրյա ռեժիմով չշարունակի իր բեմական պարապմունքները։ Թախանձագին խնդրում եմ ձեզ, որ որպես հոգատար պետական այր՝ ըմբռնումով մոտենաք և ընդառաջեք սույն խնդրագրին։

ՄԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

  26.09.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930